Գլխավոր Լուրեր Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ

Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ

6
0

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ եւ ՀՀ Սահմանադրության 100-րդ ու «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` մարտի 26-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստ:

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է «2019 թվականի մարտի 26-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» որոշման նախագիծը, որով օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՍԴ որոշման կատարմամբ: Նշվել է, որ ՀՀ նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «ԱԺ կանոնակարգ» եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքների դրույթների սահմանադրականությունը: ՍԴ-ն 2018 թ. նոյեմբերի 6-ի որոշմամբ սահմանադրականության տեսակետից խնդրահարույց է գնահատել «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթները, այդ որոշմամբ բացահայտել «ՍԴ մասին» օրենքի ու «ԱԺ կանոնակարգ» օրենքի մի շարք դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը: Սահմանադրությանը հակասող են ճանաչվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԴ դատավորի ընտրության անցկացումը, ներառյալ առաջադրմանը եւ պաշտոնի ստանձնմանը վերաբերող կարգավորումները, էական մանրամասներ բովանդակելու կարգավորումներ են, որոնք պետք է ամրագրվեն «ՍԴ մասին» սահմանադրական օրենքում: Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված այս փոփոխությունները կատարելու անհրաժեշտություն է առաջացել:

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դրույթն անմիջապես ուժի մեջ մտնելու դեպքում կառաջանա իրավական բաց, ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել է մինչեւ 2019 թ ապրիլի 1-ը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններով հստակեցվում է ՍԴ դատավորի պաշտոնն ստանձնելու պահը, սահմանվում են իրավասու մարմիններին տեղեկացնելու, ընտրության ժամկետները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը ՍԴ որոշման մեջ ամրագրված սահմանադրական ժամկետների հստակեցումն է եւ որոշ տեխնիկական շտկումների ապահովումը: Հանձնաժողովի նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում նույն անձի առաջադրման արգելքի մասով կարծիք է հայտնել, որ դա կսահմանափակի մարդու ընտրելու եւ ընտրվելու իրավունքը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում հիշեցրել է պատգամավորներին, որ խնդիրն ընդամենը ՍԴ կայացրած որոշմանը հետեւելն է, այն է՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի դրույթները սահմանել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով:

Վլադիմիր Վարդանյանը եւ Արտակ Զեյնալյանը պարզաբանումներ են ներկայացրել պատգամավորների հնչեցրած որոշ դիտարկումների վերաբերյալ:

Խորհրդարանը քվեարկության արդյունքում 117 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենսդրական փաթեթը:

Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի մարտի 29-ին՝ ժամը 11:00-ին: