Գլխավոր Լուրեր ԱԺ դռները մշտապես բաց են ձեր առաջ. Ալեն Սիմոնյանը՝ վետերաններին

ԱԺ դռները մշտապես բաց են ձեր առաջ. Ալեն Սիմոնյանը՝ վետերաններին

7
0

Մայիսյան եռատոնին ընդառաջ Ազգային ժողովն այսօր հյուրընկալել էր վետերաններին:

Վետերաններին հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գոռ Պետրոսյանը, Վահագն Թևոսյանը և Վահե Հովհաննիսյանը:

«Թող միշտ երջանկություն լինի ձեր աչքերի մեջ: Աստված ձեզ առողջություն տա: Մենք մշտապես ձեզանից սովորելու բաներ ունենք: Ուզում եմ իմ սերնդի, Ազգային ժողովի անունից ինձ թույլ տալ շնորհակալություն հայտնել այն բոլոր տարիների համար, որը դուք տվել եք հայրենիքին: Գլուխ եմ խոնարհում ձեր արածների համար»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Վետերանների միության» նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը նշեց, որ առաջին անգամ են խորհրդարանում։

«Շատերս առաջին անգամ ենք լինում այս պատմական շենքում և ուրախ ենք, որ այստեղից մենք լսում ենք մեր հանրապետության կյանքն ավելի լավացնող որոշումներ», — ասաց Եսայանը:

ԱԺ փոխնախագահն ասաց, որ ցանկացած պահի վետերանները կարող են անարգել գալ խորհրդարան:

«ԱԺ դռները մշտապես բաց են ձեր առաջ: Պաշտոնապես հայտարարում եմ, որ չի կարող լինել այնպիսի բան, որ ձեզանից մեկն ուզի գա այստեղ և չկարողանա», — ասաց նա:

Ալեն Սիմոնյանը պատրաստակամություն հայտնեց վետերաններից մեկի առաջարկով ներկայացուցիչ ունենալու գաղափարը քննարկել ղեկավարության հետ․ «Ես պատրաստ եմ քննարկել ԱԺ ղեկավարության հետ նման հնարավորությունը, — ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքը ևս խորհրդարանում կարող է ստանձնել վետերանների շահերի պաշտպանությունը: