Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » ԱԺ խմբակցությունները հանդիպել են ՌԴ ԴԺ պատվիրակությանը

    ԱԺ խմբակցությունները հանդիպել են ՌԴ ԴԺ պատվիրակությանը

    ԱԺ խմբակցությունները հանդիպել են ՌԴ ԴԺ պատվիրակությանը
    Սեպտեմբեր 14, 2018 20:10 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:

    ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Խոսրով Հարությունյանը, Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը ռուս գործընկերների հետ քննարկել են հոկտեմբերին Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստերի անցկացմանն ու օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական համագործակցությանը:

    Կարեւորվել է բարեկամական խմբերի միջեւ համագործակցության աշխուժացումը, երկուստեք անհրաժեշտ համարվել առկա հարաբերությունների ամրապնդումն ու շփումների ակտիվացումը: Այս նպատակով ռուսական կողմն առաջիկայում նախատեսում է կազմակերպել խորհրդարանական խմբակցությունների երկկողմ հանդիպումներ:

    Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տեղի ունեցող գործընթացներին եւ հնարավոր զարգացումներին, Երեւանի ավագանու եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

    Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանը:

    Պատգամավորն ընդգծել է հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, կարեւորել առկա բազմակողմ կապերի ամրապնդումը, որի համար, ըստ նրա՝ մեծ ներուժ կա:

    Լեոնիդ Կալաշնիկովի խնդրանքով Անդրանիկ Կարապետյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ներկայացրել կուսակցության դիրքորոշումը քաղաքական գործընթացների վերաբերյալ:

    Ռուս խորհրդարանականների հաջորդ հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի եւ Լուիզա Սարգսյանի հետ էր:

    Հայ օրենսդիրները կարեւորել են ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական փոխգործակցության զարգացումը: Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ բոլոր ջանքերը պետք է գործադրել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ:

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին եւ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը:

    Քննարկվել է նաեւ տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը:

    Նման թեմաներ

    scroll to top