Գլխավոր Լուրեր Բացահայտվել է Քանաքեռում տեղի ունեցած դանակահարության դեպքը

Բացահայտվել է Քանաքեռում տեղի ունեցած դանակահարության դեպքը

1
0

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բացահայտել է Քանաքեռում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ փետրվարի 22-ի գիշերը մարմնական տարբեր վնասվածքներով , արնաշաղախ վիճակում «Միքայելյան» հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ: Այդ մասին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում:

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից մեկի պահակն է, դեպքն էլ տեղի է ունեցել հենց պահակետում: Հետախուզական միջոցառումներով Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ պահակն ու իր ծանոթը կենցաղային հարցերի շուրջ վիճել են, այդ ընթացքում երիտասարդը բռունցքներով, ապա լինգով ու դանակով հարվածներ է հասցրել պահակին:

Ոստիկանությունը կատարվածի հանգամանքները պարզել է՝ ժամերի ընթացքում: Կասկածյալի ինքնությունը պարզելուց հետո սկսվել են որոնողական միջոցառումները՝ զուգահեռ բացատրական աշխատանքներ իրականացնելով: Փետրվարի 23-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 33-ամյա էդուարդ Հակոբյանը: Նա խոստովանական բացատրություն է տվել: Հետագա միջոցառումներով հայտնաբերվել են հանցագործության գործիքներ դանակն ու լինգը:

Տուժողի վնասվածքների աստիճանը որոշելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: