Գլխավոր Լուրեր Բակո Սահակյանը Կասպշիկի հետ քննարկել են ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողի հարցը

Բակո Սահակյանը Կասպշիկի հետ քննարկել են ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողի հարցը

1
0

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը երեկ Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի, արտգործնախարար Մասիս Մայիլյանի և պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանը և Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ԼՂ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Մայիլյանը Կասպշիկի հետ քննարկել է «Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները՝ ընդգծելով միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների անհրաժեշտությունը»:

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ:

Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Աբրահամյանը և Կասպշիկը մտքեր են փոխանակել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների, ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի հետագա ճակատագրի և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ:

19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքը լքել է օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, որ զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և թե իբր նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»: