Գլխավոր Իրավական Բարձրագույն դատական խորհուրդը մեկ տարեկան է

Բարձրագույն դատական խորհուրդը մեկ տարեկան է

3
0

Ապրիլի 10-ին Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց ընդունելություն գործունեության մեկ տարվա կապակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, դես­պաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք։

Ներկայացվեց Խորհրդի գործունեության ծավալուն «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է ոչ միայն կատարված աշխատանքը, այև դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները։ Բարձրագույն դատա­կան խորհրդի  գործունեության հիմքում դրված հիմնական սկզբունքները  միտ­ված են անկախ, անաչառ, մատչելի, արդյունավետ, հաշվետվողական, թափանցիկ  արդարադատության իրականացմանը։ Ելակետային է եղել այն համոզմունքը, որ դատական իշխանությունը պետք է դիտարկել ոչ թե որպես ինստիտուտների հա­մակարգ, այլ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում իր համարժեք տեղն ու դերն ունեցող իշխանություն։

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունն իրականացվում է համակարգային մոտեցմամբ՝ խնդիրների լուծումը դիտարկելով փոխպայմանավորվածության մեջ, իրականացնելով ծրագրանպատակային քաղաքականություն։ Առանցքային են դատական իշխանության ապակենտրոնացման ու գործունեության իրավական երաշխիքների ամրապնդման, հանրային հաշվետվողականության ապա­հովման, արդյունավետ արդարադատության նախադրյալների ստեղծման ուղղու­թյամբ ձեռնարկված քայլերը: Առանձնապես կարևորվում են էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրման, դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համա­կարգի արմատավորման, արդարադատության համակարգային մշտադիտարկման ապահովման, արդարադատության ծախսատա­րության կրճատման, դատական արխիվների և ընթացիկ գործերի ամբողջական թվայնացման համակարգի արմատավորման, դատարանների շենքային ու նյութա­տեխնիկական պայմանների որակական բարելավման, դատարանների ու դատա­վորների նյութական ու սոցիալական անկախու­թյան անհրաժեշտ ու բավարար երաշխիքների ապահովման, դատավորների օպտիմալ ծանրաբեռնվա­ծության, նրանց գործունեության գնահատման՝ օբյեկտիվ չափանիշների վրա խարսխված համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անիմացիոն տեսահոլովակների միջոցով ներկայացվեց մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքներն ու էլեկտրոնային արդարադատության զարգացման ուղենիշները, ճանապարհային քարտեզը։ Ներկայացվեց նաև դատական իշխանության պաշտոնական նոր կայքը։

Միջոցառման ավարտին Խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանի ուղեկցությամբ վարչապետ Ն. Փաշինյանը շրջայց կատարեց Խորհրդի նոր շենքում։

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն