Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    23°
    Home » Լուրեր » Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքապետի. ի՞նչ կապ ունի Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)

    Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքապետի. ի՞նչ կապ ունի Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)

    Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքապետի. ի՞նչ կապ ունի Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)
    Հունիս 14, 2018 13:19 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր՝ ժամը 18:00-ին, Էջմիածնում բողոքի ակցիա տեղի կունենա ընդդեմ  Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի: «Ժամանակ» թերթը գրել է, որ  Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգված է հեռախոսներով տեսանկարահանումներ կատարել: Ավելին՝ Կարեն Գրիգորյանը զանգահարել է քաղաքի բոլոր մանկապարտեզներ ու գրադարաններ և սպառնացել, որ հանրահավաքին չմասնակցեն: Մասնակցողները կազատվեն աշխատանքից:

    Araratnews.am-ը փորձեց զրուցել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ, սակայն քաղաքապետարանից տեղեկացրին՝ Կարեն Գրիգորյանը տեղում չէ: Մարիամ Պողոսյանը՝ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը, հերքեց  սպառնալիքների ու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից հանրահավաքը  տեսանկարահանելու մասին լուրերը. «Նման բան չկա: Էջմիածնի բողոքի ակցիաներին տարբեր տարիներին մասնակցել են նաև քաղաքապետարանի աշխատակիցներից, սակայն որեւէ խոչընդոտ, արգելք ու պատիժ չի եղել: Անգամ թավշյա հեղափոխության ժամանակ ակցիաներին մասնակցելու որեւէ խոչընդոտ չի եղել: Դա կեղծ տեղեկություն է: Եթե կան  այդպիսի մարդիկ (որոնց սպառնացել են), թող դիմեն ոստիկանություն»:

    Մեր հարցին, որ եթե քաղաքապետարանի աշխատակիցները մասնակցեն բողոքի ակցիային, աշխատանքից չե՞ն զրկվի, Մարիամ Պողոսյանը հավաստիացրեց՝ ոչ:

    Հանրահավաքի  իրազեկումը Էջմիածնի քաղաքապետարան ներկայացրել է «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սերգոյանը:

    Այն դիտարկմանը,  թե  Արտակ Սերգոյանի անունը կապվում է Էջմիածնում հայտնի հեղինակություն, գործարար  Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի  հետ, Մարիամ Պողոսյանը հորդորեց  նայել  Արտակ Սերգոյանի անձնական էջը. «Որքանով ես գիտեմ, Արտակ Սերգոյանը «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի անդամ է: Բայց  նայեք նրա ֆեյսբուքյան էջը, որտեղ ստույգ ամեն ինչ կա»:

    Արտակ Սերգոյանը  մեզ հետ զրույցում  հերքեց, որ բողոքի ակցիան ուղղորդում է Արթուր Ասատրյանը. «Դա հերյուրանք է. «Նախաձեռնողը եղել է «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, Արթուր Ասատրյանը կմասնակցի բողոքի ակցիային՝ որպես շարքային էջմիածնեցի»:

    Մեր դիտարկմանը, թե Արտակ Սերգոյանը «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի անդամ է,  զրուցակիցս ասաց, որ 10 եւ ավելի տարիներ  համագործակցել են տարբեր հիմնադրամների, այդ թվում՝ «Արթուր Ասատրյան» հիմնադրամի հետ: «Մենք անձնական ոչինչ չունենք Կարեն Գրիգորյանի դեմ: Պայքարը կլանային համակարգի ռեկետների մասին է: Քաղաքը հասցրել են վատ վիճակի: Շուտով կմիջնորդենք, որ  քրեական գործեր էլ բացահայտվեն»,- ասաց ՀԿ-ի նախագահը:

    Արտակ Սերգոյանը նաև տեղեկացրեց, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հայրը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, փակել է որդու ճանապարհը եւ թույլ չի տվել, որ որդին անկախ գործի:

    Սոնա Դավթյան

    scroll to top