Հինգշաբթի , 22 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Բրյուսելում նախաստորագրվեց ԵՄ-Ադրբեջան գործընկերության մասին համաձայնագիրը

    Բրյուսելում նախաստորագրվեց ԵՄ-Ադրբեջան գործընկերության մասին համաձայնագիրը

    Բրյուսելում նախաստորագրվեց ԵՄ-Ադրբեջան գործընկերության մասին համաձայնագիրը
    Հուլիս 12, 2018 12:14 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Եվրամիությունն ու Ադրբեջանը նախաստորագրեցին գործընկերության մասին համաձայնագիրը, որով կողմերը հստակեցնում են համագործակցության առաջնահերթությունները: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը: 

    Երևան Տոնավաճառ

    Պաշտոնական Բրյուսելի բնորոշմամբ՝ հավակնոտ այդ համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում քաղաքական երկխոսության, ներդրումների, տնտեսության, օրենսդրության և մշակույթի ոլորտներում:

    Փաստաթղթի ստորագրմամբ Բաքուն պարտավորվում է պայքարել կոռուպցիայի, հանցավորության և ահաբեկչության դեմ, բարեփոխել պետական կառավարման ոլորտը, բարելավել ներդրումային միջավայրը։

    Կողմերը սերտ համագործակցություն են ակնկալում մասնավորապես էներգետիկ ոլորտում:

    «Համաձայնագիրը, որի նախաստորագրմանը երեկ Բրյուսելում մասնակցել են Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրամիության և Ադրբեջանի արտգործնախարարներ Ֆեդերիկա Մոգերինին և Էլմար Մամեդյարովը, արտացոլում է Եվրոպական հարևանության քաղաքականության արժեքներն ու սկզբունքները, օրենքի գերակայությունն ու երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ», – ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

    Դրանում նշված է նաև, որ կողմերի միջև գործընկերության առաջնահերթությունները դրական ազդեցություն կունենան Ադրբեջանի և Եվրամիության ժողովուրդների բարեկեցության վրա, քանի որ ուղղված են ԵՄ-Ադրբեջան կապերի է՛լ ավելի ամրապնդմանը, հայտարարում է Եվրամիությունը:

    Ադրբեջան-Եվրամիություն նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են անցյալ տարվա փետրվարին, մինչ այժմ կողմերը առաջնորդվում են 1999 թվականին Բաքվի և Բրյուսելի միջև կնքված համաձայնագրով։

    Կողմերն առայժմ չեն շտապում հստակեցնել փաստաթղթի վերջնական ստորագրման ժամկետները:

    Մինչ այդ, Եվրամիության օրենսդիր մարմինը` Եվրախորհրդարանը նախազգուշացնում է՝ այդ նոր համաձայնագրի վավերացումն ուղղակիորեն կախված կլինեն քաղբանտարկյալների ազատ արձակումից և կոռուպցիայի դեմ Բաքվի ծավալած արդյունավետ պայքարից:

    Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանը նման բանաձև է ընդունել, որում ներկայացրել է նախապայմանների ծավալուն մի ցանկ։ Եվրոպացի օրենսդիրները պաշտոնական Բրյուսելին խորհուրդ են տալիս Բաքվի հետ փաստաթուղթը ստորագրել միայն դրանց կատարումից հետո:

    Եվրոպական խորհրդարանի անդամները, մասնավորապես, պահանջում են, որպեսզի Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումը կախված լինի ժողովրդավարության նորմերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ցուցաբերած հարգանքից, օրենքի գերակայության և մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության վիճակից:


    Նման թեմաներ

    scroll to top