Կիրակի , 21 Հունվար 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Բժշկական քոլեջում բացակայությունների համար գումար են պահանջում. ահազանգում է ուսանողը

    Բժշկական քոլեջում բացակայությունների համար գումար են պահանջում. ահազանգում է ուսանողը

    Մարտ 20, 2017 16:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    korupcia2

    Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում բացակայությունների համար ուսանողներից գումար են պահանջում՝ մեկ ժամվա համար 400 դրամ: Այս մասին araratnews.am-ին պատմեց խմբագրություն ահազանգած բժշկական քոլեջի ուսանող Տիգրան Կիրիշչյանը. «Ժամը 400 դրամով ամբողջ մեկ օրվա բացակայությունը կազմում է մոտ 3200-4000 դրամ: Ժամանակ է տրվում, եթե այդ ընթացքում չես մուծում, այն կրկնապատկվում է, նորից չմուծելու դեպքում` դրվում է քոլեջից հեռացնելու խնդիրը»:

    Տիգրանին մեկ անգամ արդեն քոլեջից հեռացրել են բացակայությունների համար չվճարելու պատճառով, սակայն վերականգնվելուց հետո բացակայությունների պարտքի պատճառով  ուսանողին նորից սպառնում են հեռացնել քոլեջից: «Ինձ 2016 թվականի մարտի վերջին՝ երրորդ կուրսի երկրորդ կիսամյակից, արդեն մեկ անգամ դուրս են հանել բացակայությունների համար գումար չվճարելու պատճառով: Հետո գնացի, որ վերականգնեմ, ասացին` դժվար կարողանանք վերականգնել, բայց վերականգնեցին, որից հետո էլ ուրիշ հարցեր դրեցին, որ սրանից հետո պետք է տեսախցիկների մոտ չերևամ, ցույցերի չգնամ, թե չէ նորից կարող են հեռացնել: Իսկ ես տարբեր բողոքի ակցիաների եմ մասնակցում, մեկը հենց Հաց Բերողի հիշատակին նվիրված ցույցին»,- նշեց Տիգրանը և հավելեց, որ իր տեղեկություններով՝ քոլեջի տնօրեն Մկրտիչ Մկրտչյանը հանրապետական է:

    Այս անգամ բացակայությունների համար նա պետք է վճարի ավելի  քան 20 հազար դրամ. «Դե, դասերի գնալու համար պետք է մուծել, բայց ես միտք չունեմ վճարելու, որովհետև, ինչքան գիտեմ՝ դա անօրինական է: Գումարը մուծում ենք դրամարկղում, որի համար ուղղակի կտրոն են տալիս, որը պետք է ներկայացվի բաժնի վարիչին»:

    Մեր ճշտող հարցին՝ ՀԴՄ կտրո՞ն են տալիս, Տիգրանը պատասխանեց. «Չէ, դա ուղղակի թղթի կտոր է, որ բաժնի վարիչը տեսնի՝ գումարը մուծել ես»:

    Բժշկական քոլեջի ուսանողը նաև ասաց, որ քոլեջում ոչ միայն գումար են պահանջում բացակայությունների համար, այլ նաև կաշառք են ուզում քոլեջ ընդունելու կամ քննությունները նշանակելու համար. «Մեզ մոտ կաշառակերությունն է շատ ստուգարքների, քննությունների ժամանակ: Ժամանակ է եղել, որ գումար չեն վերցրել, բայց ինչ-որ բան են ուզել: Օրինակ՝ ինձ հետ դեպք է եղել, որ ասել են՝ «Մերսի» բոմբոներկա բեր»:

    Իսկ ընդունելության համար, Տիգրանի խոսքով՝ մոտ 700 դոլար են պահանջում. «Մարդ կա, որ իր ուժերով է ընդունվում, բայց դա շատ հազվադեպ է լինում, իսկ ընդունվելու համար, եթե չեմ սխալվում, 700 դոլար են ուզում: Ես իմ ուժերով եմ ընդունվել, բայց ընկերներս, ովքեր ընդունվել են, գումար են տվել»:

    Ահազանգի վերաբերյալ մենք փորձեցինք կապ հաստատել Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի տնօրեն Մկրտիչ Մկրտչյանի հետ, սակայն նա աշխատավայրում չէր: Փոխարենը խոսեցինք քոլեջի փոխտնօրեն Նաիրա Ներսիսյանի հետ, ով չհերքեց, որ բացակայությունների համար գումար են վերցնում:

    «Մենք միայն անհարգելի բացակայությունների ժամանակ ենք վերցնում, իսկ հարգելի բացակայությունների ժամանակ, երբ համապատասխան տեղեկանք է լինում ուսանողի հիվանդության, հաշմանդամության կամ հիվանդ ծնողի խնամքի մասին, նման դեպքերում գումար չենք վերցնում»,- նշեց փոխտնօրենը

    Նրա պնդմամբ՝ անհարգելի բացակայությունների համար վճարն օրինական է, որը սահմանվում է ըստ քոլեջի կանոնակարգի, որը հաստատված է քոլեջի կառավարման խորհրդի կողմից:

    Այլ հարցերի տիկին Ներսիսյանը պատասխանել չցանկացավ, նշելով, որ այլ հարցերի համար պետք է անձամբ այցելենք իրենց:

    ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանն էլ araratnews.am-ին տեղեկացրեց, որ քոլեջները բացակայությունների համար  գումար վերցնելու իրավունք չունեն:

    Հիշեցնենք, որ araratnews.am-ը մոտ երեք տարի առաջ Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի հետ կապված ևս մեկ կոռուպցիոն բացահայտում էր արել, որից պարզվել էր, որ ընդունելության համար գումար են պահանջում: Հետագայում, սակայն, գործը կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով:

    Էմմա Հովսեփյան

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top