Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    18°
    Home » Լուրեր » Չարաշահումներ՝ Գորիսի պետական համալսարանում

    Չարաշահումներ՝ Գորիսի պետական համալսարանում

    Չարաշահումներ՝ Գորիսի պետական համալսարանում
    Փետրվար 9, 2018 20:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են մի շարք չարաշահումներ Գորիսի պետական համալսարանում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ համալսարանի 2 աշխատակցի:

    2017 թվականի սեպտեմբերին ահազանգ էր ստացվել, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողը, չմասնակցելով դասերին և քննություններին, դրական գնահատականներ է ստացել կիսամյակային քննությունների և ստուգարքների համար:

    Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում:

    Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

    Այսպես՝ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գորիսի պետական համալսարանի աշխատակցուհիներից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի մասնաճյուղում սովորող ուսանողի մոր հետ՝ ուսումը շարունակելու նպատակով կազմակերպել նրա որդու տեղափոխությունը Գորիսի պետական համալսարանի 3-րդ կուրս։ Ուսանողի փոխարեն համալսարանի ռեկտորին ուղղված դիմումը գրել է աշխատակցուհին և այն ստորագրել: Պարզվել է նաև, որ  ուսանողը, ընդունվելով համալսարան,  2016-2017 ուսումնական տարում չի հաճախել դասերին, և վերջինիս մայրը համալսարանի աշխատակցուհու միջնորդությամբ գումար է փոխանցել ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարին՝ առաջին կիսամյակի քննությունների համար որդու դրական գնահատականներն ապահովելու   նպատակով: Քննության տվյալներով՝ ուսանողի մայրը երկրորդ կիսամյակում ևս գումար է փոխանցել նույն աշխատակցուհուն՝ ավարտական քննությունների դրական գնահատականներն ապահովելու  համար, սակայն վերջինս գումարը հասցեատիրոջը չի փոխանցել, և ստուգարքներն ու քննությունները ստանալու հարցը փորձել է կազմակերպել անձամբ՝ համալսարանում առկա կապերի միջոցով:

    Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ուսանողի մորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով, ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 34-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համալսարանի աշխատակցուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 311.2-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

    Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

     

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Նման թեմաներ

    scroll to top