Գլխավոր Բլոգ Չարենցավանի զբոսայգին «չնչին» վարձակալությամբ տրամադրվել է մասնավորին

Չարենցավանի զբոսայգին «չնչին» վարձակալությամբ տրամադրվել է մասնավորին

5
0

Չարենցավանի քաղաքային զբոսայգին «չնչին» վարձակալության դիմաց տրամադրվել է մասնավոր ընկերության, այն պետք է վերադարձվի քաղաքացուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Կոտայքի Չարենցավան համայնքի քաղաքային զբոսայգին իրավական ճանապարհով պետք է վերադարձվի չարենցավանցուն. ճիշտ այնպես, ինչպես անցյալ տարի Հրազդանի քաղաքային զբոսայգին վերադարձվեց հրազդանցուն։

Իրավական հնարավոր գործընթացներն` օրենքով սահմանված կարգով, արդեն մեկնարկել են։

Հ.Գ. Չարենցավանի քաղաքային զբոսայգին` շուրջ 12 հա տարածքով, 2005թ.-ին 25 տարով «չնչին» վարձակալության դիմաց տրամադրվել է մասնավոր ընկերության։ Մի քանի ամիս տեւած ուղղակի եւ միջնորդավորված բանակցությունների միջոցով առաջարկել ենք մասնավորին` կամովին լուծելու վարձակալության պայմանագիրը եւ զբոսայգին վերադարձնելու համայնքին, սակայն վերջինս հրաժարվել է։

Նշեմ, որ համայնքը պատրաստ է եւ ի վիճակի է սեփական միջոցների հաշվին հիմնովին կանաչապատելու այգին, անցկացնելու ոռոգման եւ լուսավորության համակարգեր եւ այն դարձնելու հարդարված ու կանաչապատ հանրային զբոսայգի։

Կոտայքի մասնավորապես քաղաքային համայնքներում կանաչ գոտիներն ու զբոսայգիները, եթե ոչ Հողային օրենսգրքի 60֊րդ հոդվածով, ապա առնվազն` մեր արժեհամակարգային֊քաղաքական մշակույթով անձեռնմխելի են եւ պատկանում են բացառապես համայնքին ու նրա քաղաքացուն»,- նշել է նա։