Գլխավոր Լուրեր Չեմ բացառում, որ Ամուլսարը դառնա երկրորդ «Նաիրիտը». նախկին փոխնախարար

Չեմ բացառում, որ Ամուլսարը դառնա երկրորդ «Նաիրիտը». նախկին փոխնախարար

11
0

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Հրապարակ»-ը զրուցել է բնապահպանության նախկին փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ, որն այս պաշտոնը զբաղեցրել է 2012-2018 թվականներին։ Նա փոխնախարար է եղել այն շրջանում, երբ բնապահպանության նախարարությունը տվել է Ամուլսարի հանքի շահագործման համար անհրաժեշտ ՇՄԱԳ փորձաքննության եզրակացությունը, որից հետո նոր էներգետիկայի նախարարությունը տրամադրել է հանքի շահագործման լիցենզիան։

— Պարոն Հակոբյան, ըստ Ձեզ՝ այդ լիցենզիան օրինական կարգո՞վ է տրամադրվել «Լիդիան» ընկերությանը, եւ բնապահպանական առումով որեւէ խնդիր կարո՞ղ է հարուցել հանքի շահագործումը։

— Բնապահպանական առումով կհարուցի խնդիր, թե չէ, ցույց կտա կյանքը, իսկ փաստաթղթի առումով ես գիտեմ, որ բոլոր ընթացակարգերը պատշաճ անցել են, մեզ մոտ էլ ընթացակարգերը պահպանելով գնացել են։ Բավականին պրոֆեսիոնալ աշխատանք էր արված, ես զուտ սկզբունքորեն՝ որպես բնապահպան, դեմ եմ հանքարդյունաբերությանը, սակայն, ազնիվ լինելով, պետք է ասեմ, որ ընթացակարգային առումով, որքան որ ես տեղյակ եմ, խախտում չկա։

— Այսօր ակնարկում են կոռուպցիոն ռիսկերի մասին։ Ձեր կարծիքով՝ կարո՞ղ էր լիցենզիայի տրամադրումը կամ փորձաքննության եզրակացությունը կոռուպցիոն գործարքի արդյունքում լինել։

— Որքանով որ ես տեղյակ եմ «Լիդիանի» ձեռագրին, իրենք ձեռնպահ են մնացել որեւիցե պետական հովանավորչության տակ գտնվելուց։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ես իմ սեփական դիրքորոշումն ունեմ եւ գիտեմ, որ իրենք միշտ գերադասել են ավելի շատ գումար ծախսել փորձագետների եւ մասնագետների վրա, օրենքին համապատասխան ավելի ուժեղ փաստաթուղթ նախապատրաստեն, քան փորձեն թերի փաստաթղթով, այլ ճանապարհով առաջ գնալ։

— Այսօր փորձաքննություն է իրականացրել նաեւ միջազգային ELARD ընկերությունը։ Արդյոք բնապահպանության նախարարության փորձաքննության արդյունքները եւ ELARD-ի տված եզրակացությունը նո՞ւյնն են։

— Ես մամուլով եմ ծանոթացել, ELARD-ի ամբողջ եզրակացությանը չեմ հասցրել ծանոթանալ։ Հասկացա, որ էստեղ նոր կետեր կան առաջ բերված, որոնք, ըստ էության, «Լիդիանը» չի բացառել, որ կընդունի եւ կկատարի։ 16 կետ է, որից 10-ը եղել է «Լիդիանի» փաստաթղթում, հետո եւս 6 կետ է ավելացել ELARD-ի կողմից, որից 5-ը, ըստ էության, ընդունվել է։

— Այսինքն՝ ELARD-ի փորձաքննությունը նոր ռիսկեր կամ կետեր է հայտնաբերել, որոնք նախարարությունը չէ՞ր նկատել։

— Չէ, դրանով ուղղակի նոր կանխարգելիչ մեխանիզմներ է առաջարկել բնապահպանական, որոնք էլ ավելի միտված կլինեն ռիսկերը կանխելուն։

— Արժե՞ր, ամեն դեպքում, 400 հազար դոլար ծախսել նոր փորձաքննություն իրականացնելու համար։

— Եթե կա հանրային պահանջ, մտավախություն, կարծում եմ, որ՝ այո, պիտի բոլոր ճանապարհներով գնար «Լիդիանը», որպեսզի ապացուցեր իր նախագծի անվտանգությունը։ Էլի եմ կրկնում՝ բնապահպանական տեսանկյունից ինձ համար, եթե կենսաբազմազանությունը խախտվում է, բնական լանդշաֆտը խախտվում է, դա անընդունելի է։ Բայց հաշվի ենք առնում՝ պետություն, տնտեսություն եւ այլն, այսինքն՝ այդ տրամաբանության մեջ կարծում եմ, որ եթե ինքը պիտի պայքարի իր իրավունքների համար, պիտի բոլոր քայլերին գնա, գումար չխնայի, բոլոր միջազգային ինստիտուտների լավագույն փորձն օգտագործի եւ փորձի հանրությանն ապացուցել․․․ եւ ամենակարեւորը՝ որ այդտեղ դրված է նաեւ մոնիտորինգի համակարգ։ Ցանկացած պահի, երբ որ մոնիտորինգային ցուցանիշները կվերլուծվեն, եւ որեւիցե խնդիր ի հայտ կգա, անմիջապես կկասեցվի։

— Հիմա ի՞նչ եք մտածում, այս խնդիրը, որը լուրջ փաստի առաջ է կանգնեցրել իշխանություններին, ինչպե՞ս պետք է լուծվի։ Կառավարությունը պե՞տք է գնա հանքը շահագործելու ճանապարհով, թե՞ պետք է տեղի տա բնապահպանների պահանջներին։

— Մի պարզ ճշմարտություն կա․ պետությունը որքան ունի իրավունքներ, երկու այդքան ունի պարտականություններ։ Այսինքն՝ պետությունը պարտավոր է գործող օրենսդրության սահմաններում ընթացք տալ ցանկացած գործընթացի։ Այլ հարց է, եթե պետությունը գնա եւ առհասարակ մերժի հանքարդյունաբերությունը։ Այսինքն՝ մենք խնդիր ունենք պետական ինստիտուտներն օգտագործել, օրենքի կետն ապահովել, ընթացակարգերն ապահովել։

— Այս օրերին մարդիկ հիշում են նաեւ «Նաիրիտի» շարժումը, որը հանգեցրեց ընդհուպ Սովետական Միության փլուզմանը։ Ըստ Ձեզ՝ «Ամուլսարը» որեւէ դրսեւորմամբ կարո՞ղ է դառնալ երկրորդ «Նաիրիտը» մեր պատմության մեջ։

— Չեմ բացառում։ Ըստ էության՝ համաշխարհային պատմության մեջ է այդպես, որ շատ հեշտ է, շատ ավելի շուտ է հասնում մարդկանց կամ էմոցիոնալ առումով շատ ավելի ազդեցիկ է բնապահպանական ճանապարհով շարժումներ սկսելը։ Եվ ես չեմ բացառում, որ քաղաքական շահարկումներն էլ են այս գործընթացում շատ, եւ տարբեր զարգացումներ կան։

— Հիմա շատ է խոսվում նաեւ, որ եթե Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարում են, ուրեմն թող պայքարեն նաեւ Թեղուտի, Զանգեզուրի, Կապանի եւ մյուս հանքերի դեմ։

— Միանշանակ համաձայն եմ։ Կրկնակի ստանդարտներ չեն կարող լինել։ Եթե կա մի պահանջ մի ոլորտի, այն պետք է տեղայնացվի բոլոր օբյեկտների վրա։ Եթե մենք պահանջում ենք X ստանդարտ, X-1 չի կարող լինել։ Իսկ մենք այսօր ունենք բազմաթիվ շատ վատ ձեւով շահագործվող հանքեր։ Եվ ես կարող եմ ասել, որ մեզ մոտ այսօր շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից շատ խայտառակ պատկեր է, եւ նորերի պարագայում առնվազն պետք է դնել հստակ ֆիլտրեր, հստակ մեխանիզմներ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: