Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Լուրեր » Չեմ հասկանում պարտություններին այդքան մեծ դրամատիզմ վերագրելը

Չեմ հասկանում պարտություններին այդքան մեծ դրամատիզմ վերագրելը

Սեպտեմբեր 14, 2017 14:36 Լուրեր, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

mkhitaryan

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել «Հայ զինվոր» թերթին:

-Դուք միակ հայն եք, որ նման բարձունքների է հասել՝ որպես ֆուտբոլիստ, Հատկապես ի՞նչն է Ձեզ մղել առաջ՝ տաղա՞նդը, աշխատասիրությո՞ւնը…գուցե նշանակալի լինելու ցանկությո՞ւնը:

-Ես համոզված եմ, որ բոլոր մարդիկ էլ տաղանդավոր են, պարզապես ոչ բոլորն են հասկացել, թե ինչ շնորհ է իրենց տրված ի վերուստ, և ինչ մասնագիտություն պիտի ընտրեն, որ հաջողություն ունենան: Բայց միայն տաղանդին ապավինելով՝ չես կարող լուրջ բարձունքների հասնել, շատ մեծ է աշխատասիրության նշանակությունը: Պետք է համառել, պետք է ապավինել սեփական կամքին, չնահանջել… Ու ամենաանհավանական երազանքները իրականություն կդառնան: Չի կարելի հուսահատվել ձախողումներից, չի կարելի ընկրկել դժվարությունների առաջ: Չի կարելի մնալ կեսճանապարհին:

-Երբեմն մարդու կյանքում այնպիսի շրջադարձներ են լինում, այնպիսի անկումներ, որ հոգու շատ մեծ ուժ է պետք՝ կեսճանապարհին չմնալու համար:

-Անկեղծ ասած՝ անհաջողություններին ու պարտություններին այդքան մեծ դրամատիզմ վերագրելը անհասկանալի է ինձ: Իրականությունն այն է, որ հաղթանակները ծնվում են պարտությունից, իսկ ձախողումը նոր նվաճումների սկիզբ է: Պարզապես, պետք է արագ եզրահանգումներ անել, հասկանալ սեփական սխալները, յուրացնել դասերը ու շարժվել առաջ, առանց հետ նայելու: Դրանք մարդուն առաջ մղելու շատ մեծ ուժ ունեն: Ես չեմ քննում, թե ինչպիսի ճանապարհ է ինձ համար կանխորոշված ի վերուստ, փոխարենը ես գիտեմ, թե ինչ եմ ուզում ինքս: Եվ վստահ եմ, որ ոչ մի ջանք ապարդյուն չի անցնում:

-Աշխարհի որ երկրում էլ ապրեք, Ձեզ կընդունեն գրկաբաց, կհարգեն, կմեծարեն, կշրջապատեն սիրով: Մինչդեռ սովորական մարդիկ հայրենիքից հեռանալով՝ հետին կարգավիճակ են ունենում օտար երկրում: Ու, բնական է, որ նրանց հայացքն ուղղված է հայրենիքին: Հայրենիքը նրանց միակ հենման կետն է: Իսկ ի՞նչ կշիռ ունի հայրենիքը համաշխարհային ճանաչում ունեցող հայի համար:

-Ոչ թե երկիրն ու մարդիկ են որոշում քո կարգավիճակը հասարակության մեջ, այլ հենց դու՝ ինքդ: Կարող ես հետին կարգավիճակ ունենալ նաև սեփական երկրում, եթե չես պայքարում, չես տքնում, չես ստեղծում, չես փորձում նվաճել քո տեղը: Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ. հայերը շնորհալի ու աշխատասեր ժողովուրդ են և որ երկրում էլ ապրեն, հարգվում են: Բացի այդ, աշխարհը լի է հռչակավոր հայերով, որոնք փառք են բերում և՛ հայրենիքին, և՛ այն երկրին, որտեղ արարում են: Ինչ վերաբերում է հայրենիքի կարևորությանը, այն պայմանավորված չէ մարդու բարեկեցությամբ, հռչակով կամ մասնագիտական հաջողություններով: Հայրենիքը անփոխարինելի արժեք է ու բոլորիս հենման կետն է:

– Դուք այն մարզիկներից եք, որոնք սիրում են կարդալ, տիրապետում են օտար լեզուների….

– Ես ֆուտբոլիստ եմ, Դուք լրագրող եք, մեկ ուրիշը հաց է թխում… Ամեն մեկս մեր նախասիրություններին համապատասխան՝ տարբեր գործեր ենք անում, ու մեր գործը ոչ մի կապ չունի մեր ինտելեկտի ու զարգացածության հետ: Մենք զարգացած ենք, թե ոչ՝ դա մեր ընտրությունն է, մեր որոշումը: Չի կարելի մարդու աշխատանքից ելնելով՝ դատողություն անել նրա ինտելեկտի մասին: Իսկ ո՞վ է ասել, որ հացթուխը չպետք է կարդա կամ օտար լեզուներ իմանա: Բոլոր մասնագիտություններն էլ արժանի են հարգանքի, և անկախ այն բանից՝ լրագրող ես, մարզիկ, թե դերձակ, մարդը պետք է զբաղվի ինքնակրթությամբ, զարգանա: Դա հարգանք է սեփական անձի հանդեպ: Ինչ վերաբերում է ինձ, տարբեր երկրներում ապրելով՝ օտար լեզուների իմացությունը անհրաժեշտ է եղել, ու հաճույքով եմ սովորել: Ես առհասարակ սիրում եմ սովորել: Դուք մի արտահայտություն արեցիք՝ սովորական մարդիկ: Մենք բոլորս սովորական ենք… Եթե ես հաջողությունների եմ հասել ֆուտբոլի ասպարեզում, Դուք՝ լրագրության, չի նշանակում, որ կյանքում, մարդկային փոխհարաբերությունների մեջ մենք առավելություն ունենք մյուսներից: Եվ շրջապատի վերաբերմունքը պետք է լինի այնպիսին, որ ոչ ոք իրեն չզգա սովորական կամ արտասովոր: Մարդը՝ յուրաքանչյուր մարդ, բացառիկ է ու եզակի: Եվ հարգանքի է արժանի:

-Փառքը ինչ-որ բան փոխե՞լ է Ձեր կյանքում՝ լավ կամ վատ: Կարողանո՞ւմ եք ժամանակ գտնել այն մարդկանց համար, ովքեր ունեն Ձեր կարիքը:

-Փառքը չի կարող փոխարինել սիրելի մարդկանց: Հարազատներիս, ընկերներիս տրամադրած ժամանակը հաճույք է, որ նվիրում եմ ինքս ինձ: Ես ավելի շատ ունեմ նրանց կարիքը աշխատանքի, լարված ռեժիմի, չթուլացող ռիթմի մեջ: Առհասարակ, ես շատ բարձր եմ գնահատում մարդու սերը իմ հանդեպ: Յուրաքանչյուր մարդու, ով էլ նա լինի, ու աշխատում եմ հուսախաբ չանել: Սերը շատ թանկ ու պարտավորեցնող նվեր Է:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top