Չեմ կարծում, որ կառավարության ծրագիրը, հատկապես արտաքին քաղաքականության մասը պետք է շատ դետալային լինի։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը դրական գնահատեց Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը։
«Ես համաձայն չեմ այն քննադատությանը, որ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը բազմավեկտոր չէ: Եթե նայեք ծրագիրը՝ հստակ կերևա, որ կան մի շարք կարևորագույն ուղղություններ, որոնք առաջնահերթություն են, և այդ առաջնահերթությունները տարբեր են և ներկայացնում են տարբեր վեկտորներ։ Ինչ վերաբերում է նրան, որ կոնկրետ նշած չէ, ես չեմ կարծում, որ Կառավարության ծրագիրը, հատկապես արտաքին քաղաքականության մասը պետք է շատ դետալային լինի։ Այս առումով ծրագիրը պետք է ներկայացնի հիմնական ուղղությունները և հիմնական շեշտադրումները, ինչն էլ արված է»,– ասաց նա։