COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից . խոսնակ

    129
    0

    ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ  COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից:

    «Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ:

    Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ:

    Այս պահին COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։

    Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։

    ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը»,-ասված է հայտարարության մեջ, որը փոխանցում է ՊՆ պապուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում: