Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » Ցույցերից մինչև սահման. hիշողություններ Ղարաբաղյան շարժումից

    Ցույցերից մինչև սահման. hիշողություններ Ղարաբաղյան շարժումից

    Ցույցերից մինչև սահման. hիշողություններ Ղարաբաղյան շարժումից
    Փետրվար 12, 2018 17:47 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    30 տարի առաջ` 1988-ի այս օրը՝ փետրվարի 12-ին, Արցախի բնակչությունը ոտքի կանգնեց` ի պաշտպանություն ղարաբաղյան հարցի: Արցախյան ազատամարտը ժողովրդի պայքարն է հանուն Հայաստանի հետ միավորման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:

    Երևան Տոնավաճառ

    Այսօր թեկուզ դեպքերից անցել է 3 տասնամյակ, Ղարաբաղյան շարժման մասին հիշողությունները, այդ օրերին ունեցած հույզերն ու զգացմունքները շատերի մտքում թարմ են այնպես, ինչպես երեկվա անցած օրը:

    Ղարաբաղյան շարժումը, հայ ժողովրդի պայքարը, միասնականությունը հանուն մեկ նպատակի և այդ օրերի ապրումները բառերով դժվար է նկարագրել. երգչուհի Շուշան Պետրոսյանը սիրով է հիշում բոլոր այն օրերը, որոնք վճռորոշ դեր ունեցան Հայաստանի ու Արցախի համար. «Ինձ և իմ սերնդակիցների համար որպես մարդ ձևավորվելու առաջին ազատության շունչն էր դա: Այդ ժամանակներն այնքան թանկ են ինձ համար, չգիտեմ` ինչ բառերով կարող եմ ասել: Առաջին ցույցին, չեմ հիշում օրը, կարծեմ` փետրվարին 18-ին էր, ես մասնակցել եմ… Սարսափելի ուժ էր և այն իր խորհուրդն ուներ, մանավանդ որ ելույթից հետո սկսեցին ոտքերով խփել: Այդ դոփյունը, որ բոլորս միահամուռ մեկ բանի համար էինք այնտեղ, կյանքում չեմ մոռանա, դա աննկարագրելի է:  Բառերն ի զորու չեն արտահայտելու այն, ինչ զգացել եմ, դա մի ուժ է, որի կարիքը մենք միշտ ունենք, որովհետև հետևելով պատմության անցքերին, ակնհայտ է, որ մենք ուժեղ ենք և միշտ հաղթող, երբ  միասին ենք»:

    Իհարկե, ամեն բան ցույցերով չվերջացավ, և միասնականություն պետք էր դրսևորել նաև սահմանին: Եվ այդ ժամանակ բազմաթիվ հայորդիներ իրենց ուժով, քաջությամբ ու վճռականության շնորհիվ կարողացան այնպես անել, որ հաղթանակի հասնենք: Հայաստանում հանուն անկախության պայքարելուց հետո «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ շատերի նման մեկնեց ռազմաճակատ:

    «Ես այդ ժամանակ Երևանի ճարտարագիտական համալսարանի ուսանող էի, տղաները եկան ու ասացին, որ Աբովյանում ինչ-որ միտինգ կա. ինչ-որ քիմիական գործարան փակելու կարևոր ցույց էր, գնացի-մասնակցեցի, ամբողջ գիշեր էլ այնտեղ մնացի: Առավոտյան եկանք Երևան, և Հանրապետության հրապարակում մեկը հայտարարեց… դա փետրվարի 17-ին էր, լույս 18-ին, փաստորեն դեռ ամսի 13-ից Արցախում ցույցեր էին գնում, բայց Հայաստանում դրա մասին ոչ ոք չէր բարձրաձայնել, բայց 18-ին, որ այդ էկոլոգիական ցույցը պետք է ցրվեր, ինչ-որ մեկը բարձրաձայն հայտարարեց, որ վաղը չէ մյուս օրը նորից ենք հավաքվում, ու այդ միտինգը Արցախի խնդրի շուրջ է: Առաջին միտինգից՝ փետրվարի 20-ից ես մասնակցել եմ. Երևանում առաջին ցույցը փետրվարի 20-ին էր: Հետագայում նաև Արցախյան ազատամարտին մասնակցեցի, Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած Ազատագրական բանակում եմ եղել»:

    Այդ օրերից յուրաքանչյուրը պարոն Գինոսյանը պահել է իր հիշողության մեջ, բայց իր համար ամենահիշարժանը 1988 թվականի մայիսի 28-ն էր. «Այդ օրը բոլորի համար անծանոթ եռագույն դրոշը  Մովսես Գորգիսյանի ձեռքերով պարզվեց և հայտարարվեց Հայաստանի անկախության 70-ամյակի մասին: Դա նաև որոշ միտինգավորների կողմից ընդվզման ալիք բարձրացրեց, հետագայում մարդիկ հայտարարեցին, որ իրենք ընդամենը նստացույց են անում Արցախի հարցով և ոչ մի կապ չունեն անկախության կոչերի հետ, ինչն իրականում շատ վիրավորական էր»:

    Ես միշտ մի թերություն ունեմ, ամենալուրջ պահերին միշտ հումոր եմ անում… Այդ ժամանակ էլ, երբ իշխանության, ժողովրդի քայլերից ու անելիքներից շատ բան էր կախված, պետք չէր մոռանալ կատակելու մասին: Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն այդ օրերից հիշում է տանկերն ու հրապարակում հավաքված մարդկանց հոծ բազմությունը. «Երբ տանկեր էին բերում, մարդկանց ասում էին` ինչ անեն-ինչ չանեն, ինձ մոտ միտք եկավ՝ պետք չի ժողովրդին համոզել, որ գնան, ուղղակի պետք է կանչեին ու ասեին՝  ո՞վ գնում Ղարաբաղ պատերազմելու, զենքը տալիս ենք, իսկույն բոլորը կգնային, ու հրապարակը կդատարկվեր»:

    Այդ տարիներից Նիկոլայ Ծատուրյանը նաև Արցախում անցկացրած օրերի, այն ժամանակների Արցախն է հիշում, որ շատ տարբեր էր այսօրվա Արցախից. «Ես բեմադրություն էի անում այնտեղ, վարձով էի ապրում և հիշում եմ, որ ծորակից ժանգոտ ջուր էր գալիս, ես էլ բոլորի նման վերցնում էի դույլը, գնում մի հատ աղբյուրի մոտ, որ ջուր լցնեմ, բերեմ տուն խմեմ, հիմա երբ գնում եմ, տեսնում եմ` իսկական շենացած Արցախ է»:

    Նրա խոսքով՝ այսօր էլ պետք է շարունակել պայքարել հայրենիքի ազատության համար: Ասում է՝ իրեն վատ է զգում, երբ տեսնում է` ինչպես են տղաները խուսափում ծառայելուց, կամ մարդիկ թողնում-գնում են Հայաստանից. «Հիմա ես իմ ուսանողներին եմ ասում, որ երկրից չհեռանան, գնան ծառայեն: Հայրենասիրությունը գործողություն է, ոչ թե խոսք: Հավաքվում են, զոհված տղերքի կենացն են խմում, ասա՝ ա՛յ ապուշ, ինքդ էլ գնա ծառայելու»:

    ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


    scroll to top