Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Դաշնակցության կարապի երգը

    Դաշնակցության կարապի երգը

    Դաշնակցության կարապի երգը
    Փետրվար 7, 2019 14:00 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    130-ամյա Դաշնակցությունը խորհրդարանական ընտրություններում ժողովրդի կողմից մերժվելուց և խորհրդարան չանցնելուց հետո թվում էր թե լծվել է ներքին բարեփոխումների գործին: Դա էր վկայում Արցախում անցկացված ընդհանուր ժողովն ու ՀՅԴ բյուրոյից Հրանտ Մարգարյանի հեռանալը:

    Մենք սխալվեցինք, Դաշնակցության մոտ ոչինչ չի փոխվել, ոչ ոք չի փոխվել: Ավանդական այս կուսակցության համար անկարևորն ավելի կարևոր դարձնելու և կեղծ օրակարգով ինտրիգների մեջ մտնելը դարձել է սովորական երևույթ:

    Հայաստանում և սփյուռքում ահռելի խնդիրները թողած՝ ՀՅԴ-ի համար թիվ մեկ կարևոր հարց է դարձել օրհներգի փոխվելու, իսկ իրականում օրհներգի շուրջ բարձրացված աղմուկը: Մի կողմ թողնենք այն փաստը, որ օրհներգի փոփոխության հարցով չկա որևէ օրենքի նախագիծ, չկա որևէ հայեցակարգ և կառավարության որոշում, այլ միայն եղել է ցանկություն-առաջարկ: Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի՝ հանրային քննարկման ներկայացնելով հարցը:

    Հիմա փորձենք հասկանալ՝ ինչո՛ւ են նրանք այդքան ցավագին ընդունել օրհներգի փոփոխության մասին քննարկումներն ու ինչու են ցայտնոտի մեջ: Ինչու են հաճախ մոռանում բարեկրթության, մարդկանց սահմանադրական իրավունքների մասին և  վիրավորում իրենցից տարբերվող կարծիք ունեցողներին: Գուցե այսկերպ փորձում են իրենց վրա ուշադրություն հրավիրել:

    Պատճառը մեկն է՝ նրանք անտեսված են: Կոալիցիայից կոալիցիա անցնող, Քոչարյանից՝ Սարգսյանին, Սարգսյանից՝ Փաշինյանին սատարող, իրենց տեղն արևի տակ պահպանելու խնդիր դրած կուսակցությունը՝ ժողովրդի կողմից մերժվելուց հետո չունի քաղաքական օրակարգ և դատարկությունը լրացնում է պատգամավորներից մեկի անհատական և հանրային կարծիքը քննադատելով:

    Այս օրերին ՀՅԴ-ի տարբեր կառույցներից հայտարարություններ են հնչում, թե հիմնը փոխելն անթույլատրելի է: Դրա մասին խոսել է նաև ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչը: Ավելի համեստ դիրք ունեցող դաշնակցականները սոցիալական ցանցերում սկսել են վիրավորել եւ հեգնել հիմնը փոխելու նախաձեռնությամբ հանդես եկած Ալեն Սիմոնյանին և նրա հետ համակարծիք մյուս քաղաքացիներին:

    ՀՅԴ-ն հասկացել է կարևորը. նոր սերունդ է եկել, որի համար Դաշնակցության ճառերն այլևս անկարևոր են, նոր սերունդ է եկել, որն արդեն տեսել է ավանդական կուսակցության վերջին տարիների «սկզբունքայնությունն» ու տեսակը: ՀՅԴ-ից մնացել է միայն անունը, և ահա դա է պատճառը, որ նրանք իրենց դատարկությունը լրացնում են կեղծ օրակարգեր մշակելով:

    Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես էր եկել ներկայիս գործող հիմնը խաչատրյանականով փոխելու առաջարկությամբ, պատճառաբանելով, որ «Մեր հայրենիքը» հայկական չէ, պարունակում է բալկանյան երաժշտության տարրեր, չի համապատասխանում օրհներգին հատուկ օրինաչափությանը, ինչը չի կարելի ասել Խորհրդային Հայաստանի համար գրված օրհներգի երաժշտության մասին, որտեղ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն օրհներգի երաժշտությունը գրելիս ուսումնասիրել է հիմներ ստեղծելու դասական կանոնները՝ օգտագործելով մեր ազգային, հոգեւոր երաժշտության տարրերը։

    Ներկայիս օրհներգի խոսքերը Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության թարգմանությունն է, թեպետ որպես երաժշտության հեղինակ նշվում է Բարսեղ Կանաչյանը, բայց իրականում, մեղեդին ժողովրդական է, եղել է ֆիդայական երգ, որը պարունակում է բալկանյան երաժշտության տարրեր, Կարա Մուրզան բազմաձայնել է, իսկ Կանաչյանը՝ վերադաշնակել։


    scroll to top