Գլխավոր Իրավական Դատավորի աշխատավարձը բավարար չէ անկախ լինելու համար. դատավոր

Դատավորի աշխատավարձը բավարար չէ անկախ լինելու համար. դատավոր

3
0

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ հրաժարական տվեց: ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարում է այդ կառույցի տարիքով անդամը՝ Գեւորգ Դանիելյանը: Ի՞նչ են ակնկալում դատավորները Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո  ԲԴԽ-ից։ Այդ եւ այլ հարցերով Araratnews.am-ը զրուցեց  դատավոր Լիզա Գրիգորյանի հետ, որի 2018 թ-ի հայցադիմումն ընդդեմ ԲԴԽ-ի վերաբերել է վերաքննիչ և  վճռաբեկ դատարանների դատավորի թափուր պաշտոնում առաջադրվելու և նշանակվելու առաջխաղացման ցուցակներին:

Տիկի՛ն Գրիգորյան, ի՞նչ եք ակնկալում Բարձրագույն դատական խորհրդից Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո:

Ակնկալում եմ, որ  ԲԴԽ-ի որոշումները լինեն պատճառաբանված:

Ըստ Ձեզ՝ ԲԴԽ-ի  կազմն ամբողջությա՞մբ պետք է փոխվի, որպեսզի կառույցի աշխատանքը բավարարի դատավորներին եւ հանրությանը: Թե՞ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո խնդիրները կլուծվեն:

Ճիշտ չէ, որ ես ԱԺ-ի նշանակած անդամների մասին կարծիք հայտնեմ: Դա կորոշի այն մարմինը, որը նշանակել է  ԲԴԽ-ի անդամներին:

Ձեր կարծիքով՝ ԲԴԽ անդամներին հետ կանչելու մեխանիզմ  անհրաժե՞շտ է:

Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ամեն ինչ լինի օրենքով: ԲԴԽ-ն պետք է լինի անկախ կառույց:

Մինչեւ թավշյա հեղափոխությունն ու Գագիկ Հարությունյանի հրաժարականը  անկա՞խ է եղել կառույցը:

Նախկինում եղել է արդարադատության խորհուրդ: Չեմ կարող ասել՝ լիովին անկախ  է եղել: ԲԴԽ-ն պետք է անկախ լինի, չնայած նշանակվում է ԱԺ-ի կողմից:  Անկախություն ապահովելը քաղաքական կամքի հարց է:

Այդ անկախության համար  օրենսդրական փոփոխություն պե՞տք է դատական օրենսգրքում: Պե՞տք է հստակեցվի, թե ինչպես պետք է ԱԺ-ն ընտրի կամ նշանակի այն անձանց, որոնք  պետք է ներկայացնեն հանրությանը ԲԴԽ-ում:

Իսկ ԲԴԽ-ի անդամներին հետ  կանչելու մեխանիզմ անհրաժե՞շտ է:

Դա շատ վտանգավոր կլինի, քանի որ հետկանչը կախված կլինի քաղաքական ուժերի վերադասավորումներից: Հետևաբար հետկանչի մեխանիզմն այդքան էլ ճիշտ չէ: Եթե 5 տարով նշանակվում են, ապա պետք է իրենց առաքելությունն իրականացնեն:

Բայց գուցե  ԲԴԽ անդամների գործունեությունից դժգոհ են ոչ թե քաղաքական ուժերը, այլ, օրինակ հանրության մի խումբ, որի իրավունքները ոտնահարվել են դատավորների կողմից,  ԲԴԽ-ի անդամներն էլ անտեսել են հանրության  այդ խմբի բողոքը:

Չեմ կարծում՝ հետկանչն արդյունավետ լինի:

Որպես դատավոր  մեկ առաջարկ ներկայացրեք ԲԴԽ-ի անկախության համար:

Պետք է դատավորները ԲԴԽ-ում մեծամասնություն լինեն, քանի որ նման երկրներում ԲԴԽ-ի կազմում անդամների հավասարությունը քաղաքական միջամտություն է ենթադրում:  Կարծում եմ՝ դատավորների թիվը պետլ է մեկով ավելի լինի, հարաբերակցությունն էլ լինի՝ 6 դատավոր, 4 գիտնական:

Անցումային արդարադատությանն ինչպես եք վերաբերվում: Երեկ ԱԺ-ում լսումներ են եղել, դրսից փորձագետ է եկել՝  օգնելու ՀՀ իշխանությանը: 

Անցումային արդարադատությունը շատ լուրջ միջամտություն է, հետեւաբար դա պետք է կիրառվի բացառիկ դեպքերում: Այն խնդիրները, որոնք կան դատական համակարգում, առանց անցումային արդարադատության էլ կարող են լուծվել:

Ինչպես լուծել, պաշտոնանկությա՞մբ:

Ո՛չ, բարեփոխումներով:

Բայց երբ քաղաքացիներից բողոքներ ենք լսում, ուսումնասիրում նրանց դատական գործերը, ապա տեսնում ենք, որ հաճախ եղել է հանցավոր համագործակցություն իրավապահ բոլոր օղակների  միջեւ, քաղաքացին էլ չի կարողանում ապացուցել ճշմարտությունը: Այս դեպքում ինչ բարեփոխման մասին է խոսքը:

Դրա համար դատավորի անկախությունը պետք է ապահովել, որ նա քաղաքական ուժերից կախված չլինի: Եթե քաղաքական ուժերից կախված չլինի, ստանա այնքան վարձատրություն, որ կարողանա համարժեք գործունեություն ծավալել, ապահովվի դատավորի ներքին անկախությունը, դատական համակարգը նորմալ կգործի:

Այսինքն՝ դատավորի աշխատավարձն այսօր բավարար չէ՞:

Այո, քանի որ տարածաշրջանում ամենացածրն է:

Այսինքն, եթե դատավորը բարձր աշխատավարձ ստանա, կաշառք այլեւս չի՞ վերցնի:

Համենայնդեպս այդ մեթոդն աշխատում է, ինչպես փորձն է ցույց տալիս: Բացի այդ ՝ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների չմիջամտելը, փոխադարձ զսպումների ու հակակշիռների մեխանիզմը պետք է լինի դատավորի անկախության համար: Տեսեք՝ 1995 թվականին, 1999-ին   կիրառվեցին անցումային արդարադատության ու վեթթինգի տարրերը: 1995-ին դատական համակարգը փոխվեց: Եկավ նոր իշխանություն եւ ասաց՝ փոխում եմ կոմունիստական ժամանակաշրջանում աշխատած  դատավորներին: Նույնը եղավ 1999 թ-ին: Այսինքն՝ ֆիզիկական փոփոխությունն արդյունք չի տալիս, պետք է համակարգային փոփոխություն լինի:

Ո՞վ պետք է լինի ԲԴԽ-ի նախագահն՝ ըստ Ձեզ:

Չեմ կարող անուններ տալ: Ինձ համար կարևոր է, որ այդ անձը լինի քաղաքական կապեր չունեցող, էությամբ օբյեկտիվ, արդար, եւ քաղաքական գործընթացների մասին  կարծիքները եղել են համաչափ:

Վահե Գրիգորյանի անունն  են շրջանառում  իշխանության  համակիրները:

Վահեին ճանաչում եմ, ունի փայլուն գիտելիքներ, բայց այս գործերի քննությունը, որտեղ նա ներկայացնում է տուժող կողմին (նկատի ունի Մարտի մեկի գործը-հեղ.) կարող է օբյեկտիվության խնդիր առաջացնել:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը եւս պահանջում են: Ձեր արձագանքը սրա մասին:

Եթե նայում ենք համակարգի առումով՝ ՍԴ-ն այլ կառույց է: Հետևաբար, մեկի հրաժարականը (նկատի ունի Գագիկ Հարությունյանի-հեղ.) չի կարող ենթադրել մյուսի հրաժարականը: ՍԴ-ն այլ կառույց է, չի տեղավորվում դատական համակարգում, ունի քաղաքական էլեմենտներ, ինքը պետք է գնահատի:

Պատրաս՞տ եք ենթարկվել վեթթինգի:

Այո, իհարկե: Վեթթինգ անցնում են բոլոր դատավորները, քանի որ ամեն տարի տալիս ենք հաշվետվություն: Եթե պետությունն ուզում է ստուգել դրանք, առանց  վեթթինգի կարող է դա անել:

Սոնա Դավթյան