Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Դավթյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին (տեսանյութ)

    Դավթյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին (տեսանյութ)

    Փետրվար 9, 2018 13:12 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

    2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 20.285 հանցագործության դեպք, որը 8,1 տոկոսով ավելի է 2016-ի ընթացքում կատարված հանցագործությունների թվից: Թվային այս տվյալները այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա խոսքով՝ այս պատկերը վկայում է հանցագործությունների հաշվառման, հանցագործների հայտնաբերման աշխատանքների բարձրացման մասին:

    Արթուր Դավթյանը հայտնեց, որ 2016-ի համեմատ՝ 1600-ով աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Փոխարենն էապես նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները: Մասնավորապես, ծանր հանցագործությունները նվազել են 16,4 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 33-ով կամ 16,7 տոկոսով:

    2017-ին երկրում արձանագրվել է 22 սպանության փորձ, որը 13-ով պակաս է 2016-ի ցուցանիշից: Նա տեղեկացրեց, որ վերջին 10 տարիներին սպանության փորձի դեպքի նվազման ամենալավ ցուցանիշն արձանագրվել է 2017-ին:

    Արթուր Դավթյանը նշեց, որ էական աճ կա կոռուպցիոն բնույթի, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ճանապարհային երթևեկության արդյունքներով կատարված հանցագործությունների շրջանում:

    Գլխավոր դատախազը նշեց, որ կոռուպցիոն հանցագործությունները, ի տարբերություն սպանությունների և այլ հանցատեսակների, ամբողջ աշխարհում բարձր լատենտայնություն ունեն, և այդտեղ շատ կարևոր է քրեական հետապնդող մարմինների աշխատանքը:

    Araratnews.am-ը գլխավոր դատախազից հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացք ստացավ Սերժ Սարգսյանի տարեվերջին արված այն հայտարարությունը, թե կան համայնքապետներ, ովքեր տարիներ շարունակ յուրացրել են համայնքային բյուջեի փողերը, բայց ներվել են: Ի դեպ, այս առնչությամբ ՀՔԱՎ գրասենյակը դիմել էր գլխավոր դատախազություն: Արթուր Դավթյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի կարելի դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում:

    Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top