Դեղի ներարկումից հետո առաջացած խնդրի պատճառը դեռ պարզ չէ

    1
    0

    Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում պացիենտների մոտ հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարման պատճառները դեռ հայտնի չեն: Հիշեցնենք, որ մայիսի 9-ին մամուլում հրապարակումներ եղան, որ հաստատություն դիմած մի քանի անձի մոտ կուրություն է սկսվել այն բանից հետո, երբ նրանց դեղ է ներարկվել:

    Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքել էր կուրության հանգամանքը եւ հայտարարել, որ գերատեսչության ներկայացուցիչներն այցելել են բժշկական կենտրոն: «Հանձնարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ»,- նշել էր նա։ Armtimes.com-ի հարցին, թե նախարարությունն ուսումնասիրե՞ց խնդիրն ու ինչ եզրակացության հանգեց, Նիկողոսյանն ասաց, որ նախարարությունն այլեւս անելիք չունի, քանի որ հարուցվել է քրեական գործ:

    Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ սպասում են լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այն է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը»: Եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով (200 000-400 000 դրամ) կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

    Պացիենտները ստացել էին շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցը: Այն իրացրած Նատալի ֆարմ ընկերությունը հայտարարել էր, թե դեղը կիրառվել է ոչ ճիշտ: