Գլխավոր Լուրեր Դեսպանը Եգիպտոսի նախարարին Մատենադարանն է հիշեցրել

Դեսպանը Եգիպտոսի նախարարին Մատենադարանն է հիշեցրել

0
0

Ապրիլի 9-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀ հնությունների նախարար Խալեդ Ալ Անանիի հետ (Khaked Al Anani)։

Հանդիպման սկզբում նախարար Ալ Անանին շնորհավորել է Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել։ Խալեդ Ալ Անանին նշել է, որ 2018 թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին գլխավորել է եգիպտական պատվիրակությունը և ջերմությամբ է հիշում Հայաստանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը և Եգիպտոսը, հանդիսանալով հնագույն քաղաքակրթություններ, մեծ ներուժ ունեն հնեագիտության ոլորտում համագործակցության համար և դրա վառ ապացույցն է այն, որ ներկայումս Լուքսորում Ամենհոտեփ Երրորդի տաճարի պեղումների աշխատանքներին են մասնակցում հայազգի և Հայաստանից ժամանած հնէաբաններ։

Որպես համագործակցության համար հեռանկարային ուղղություն՝ դեսպան Գրիգորյանը առանձնացրել է նաև հին ձեռագրերի և փաստաթղթերի վերականգնման, խնամման ոլորտը և այս համատեքստում ներկայացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գործունեությունը և հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում Հին Եգիպտոսի դարաշրջանի թանգարանային նմուշների ցուցադրման հնարավորությունները։