Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » «Դիլիջան» պարկում ծառեր են հատվել. ինչո՞ւ է ստում անտառապահը

    «Դիլիջան» պարկում ծառեր են հատվել. ինչո՞ւ է ստում անտառապահը

    «Դիլիջան» պարկում ծառեր են հատվել. ինչո՞ւ է ստում անտառապահը
    Մարտ 14, 2018 13:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Բնապահպանները ֆեյսբուքյան էջում  հրապարակել են «Դիլիջան» ազգային պարկում հատված ծառերի լուսանկարներ: Բնապահպանները պնդում են՝ սա ապօրինի ծառահատում է: «Դիլիջան» ազգային պարկի անտառապահը պնդում  է՝ ծառերը հատվել են 2 ամիս առաջ:  Սակայն բնապահպան, «Էկո մեդիա» բնապահպան լրագրողների ակումբի համահիմնադիր  Նարինե Կիրակոսյանը Araratnews.am-ի հետ զրույցում  հակառակն ասաց՝ ծառերը հատվել են վերջին մի քանի օրերին:

    Նարինե Կիրակոսյանի խոսքով՝ հատված ծառերն առողջ են,  մոտավորապես՝ 70-80 տարեկան: Արդյոք այս ծառահատումը պատկան մարմինների թույլտվությա՞մբ չի եղել, եթե սրա մասին  պատկան մարմինները լռել են հարցին Նարինե Կիրակոսյանը դժվարացավ հստակ պատասխանել: Միայն  հիշեցրեց, որ վերջին ժամանակներս  «Դիլիջան» ազգային պարկում վախի մթնոլորտ է: Անգամ պահնորդներին ծեծելու դեպքեր են արձանագրվել:  Սակայն եթե այդպես է, ապա անտառապահը, բնապահպանի կարծիքով, կարող էր ոչ  մի բառ չասել, ոչ թե ստել, թե ծառահատումը եղել է 2 ամիս առաջ:

    «Էկո մեդիա» բնապահպան լրագրողների ակումբի համահիմնադրի համոզմամբ` այս ծառահատումը  հացի խնդիր լուծելու համար չէ. «Հաստաբուն  ծառերը, կներեք արտահայտությանս համար, այնքան հիմար ձեւով են կտրել, որ կարող ենք դա փայտանյութ  համարել»:

    ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Արծրունին էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին տեղեկացրել են  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի ստորաբաժանմանը: Մասնագետները կորոշեն,  թե անտառահատումը երբ է եղել, ու  ըստ այդմ էլ հստակ կլինի պատժի չափը:

    Թե ինչպես պետք է պատժվեն մեղավորները, մամուլի խոսնակը դժվարացավ ասել: Այն, ըստ նրա, կախված է հատված ծառերի քանակից, արժեքից:

    Գրեթե միշտ բնապահպաններն են հայտնաբերում  ծառահատման  այսպիսի դեպքեր  պատկան կառույցի՝ բնապահպանության նախարարության փոխարեն: «Ամեն շաբաթ  ծառահատման հաշվետվություն ենք հրապարակում: Դժվարանում եմ հիմա ասել՝ վերոնշյալ դեպքը վերջին հաշվետվության մեջ կա՞, թե՞ ոչ: Հիմա մասնագետներն ուսումնասիրում են դեպքը, որից հետո կարող են բոլոր հարցերին սպառիչ պատասխանել»,- ասաց մամուլի խոսնակը:

    Հ.Գ. Կառավարության մեկ տարվա գործունեությունը  ուսումնասիրելիս  տպավորությունն այն է, որ իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում լցնելու պետական գանձարանը: Հակածխախոտային  ռազմավարությունը դրա վառ օրինակն է, որը ահռելի տուգանքներ է նախատեսում հասարակական վայրերում  ծխողների համար: Սակայն արի ու տես, որ ծառահատումների  համար տուգանքները համեմատաբար քիչ են, այն դեպքում, երբ ամիսներ առաջ  իրավապահները  ծառահատման աղաղակող  փաստեր էին հայտնաբերել: Միգուցե կառավարությունը նաև այս խնդրի՞ն ուշադրություն դարձնի, առավելեւս, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերում հաճախ է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին շրջակա միջավայրի  պահպանման մասին տարբեր հանձնարարականներ տալիս:

    Սոնա Դավթյան

    scroll to top