Գլխավոր Լուրեր Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր․ վարչապետը՝ Նորագավիթի մաքսակետում (տեսանյութ)

Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր․ վարչապետը՝ Նորագավիթի մաքսակետում (տեսանյութ)

5
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ որոշ դժգոհություններ հայտնեց։

Մասնավորապես, երբ գետնին տեսավ ծխուկներ, բարկացավ՝ ասելով, որ դրանք երևի 25 տարվա վաղեմություն ունեն․ «Սա մեր երկրի իմիջի հարցն է։ Սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, որոնք եկել էստեղ կանգնել են: Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Հիմա իրենց պարգեւավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»:

Նիկոլ Փաշինյանն անգամ նկատողություն արեց համազգեստ կրող աշխատակիցներից մեկին. «Որ վարչապետը մոտենում է, պետք է ձգված կանգնել»:

Իսկ երբ սենյակներից մեկում տեսավ գետնին ընկած եռագույնը, աշխատակցին կոշտ տոնով ասաց. «Դրոշը կդնես գլխավերևում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր:  Ո՞նց կարող է մարդը դրոշը իրենից ցածր դնել, ամեն օր գնաս աշխատանքի, և դրոշը այնտեղ կեղտոտ գցած լինի՞, դա ընկալման հարց է, ո՞նց կարող է նման մարդը Հայաստանի Հանրապետությունում ուսադիրներ կրել։ Մի մարդ չմնա այդ սենյակում, անուն-ազգանունով կտաք»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը խորհուրդ տվեց պարգևատրումները կրճատեն և մաքսակետում պատշաճ մաքրություն ապահովեն։