Գլխավոր Լուրեր Դոն Պիպոն առանց ԱԱԾ–ի թույլտվության չի կարող լքել Հայաստանը

Դոն Պիպոն առանց ԱԱԾ–ի թույլտվության չի կարող լքել Հայաստանը

6
0

Երեք անձի առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար մեղադրվող Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության, չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԱԾ-ից։

Նշենք, որ քրեական գործով, բացի Արթուր Ասատրյանից, ներկայումս մեղադրյալի կարգավիճակ ունի ևս 6 անձ։

Նախաքննական մարմնից հայտնեցին, որ 2018 թվականի հունիսի 16-ին Արթուր Ասատրյանի փաստացի բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և փամփուշտներ, որոնց վերաբերյալ նշանակված դատաձգաբանական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերվածը եղել է ռազմամթերք և հրազեն, ինչը ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը քրեորեն պատժելի արարք է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով։

Քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») հատկանիշներով: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։