Գլխավոր Լուրեր Դպրոցներում քարոզչություն իրականացնող տնօրեններն ու մանկավարժները կպատժվեն. ԿԳ նախարար

Դպրոցներում քարոզչություն իրականացնող տնօրեններն ու մանկավարժները կպատժվեն. ԿԳ նախարար

1
0

«Առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից և այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր»,- հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի և մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:

ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ քաղաքական ուժի օգտին.

«Եթե նման ահազանգեր և փաստեր լինեն, անկախ նրանից` քաղաքական որ ուժի օգտին է արվել քարոզչությունը կամ ում համար են օգտագործվել վարչական լծակները, մեղավորները պատժվելու են»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով մարզերում առկա կրթության խնդիրներին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը որդեգրել է նոր աշխատելաոճ:

«Հունվարից սկսած ամեն ամիս ընտրելու ենք մի մարզ, լինելու են այցելություններ տվյալ մարզի ուսումնական հաստատություններ, քննարկումներ են լինելու, փորձելու ենք տեղերում գտնել լուծումներ: Դա չի նշանակում, թե մյուս մարզերի խնդիրներն այդ ամսվա ընթացքում անտեսվելու են. նախարարությունը իր հիմնական գործառույթները կշարունակի իրականացնել: Մենք կարծում ենք, որ այս մեթոդը թույլ կտա տեղերում կուտակված խնդիրները վեր հանել և արդյունավետ լուծումներ գտնել»,- նշել է Արայիկ Հարությունյանը: