Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » Լուրեր » Ձեր դուխը չի՞ հերիքում. ԱԺ-ում թեժ մթնոլորտում քննարկում են 2018-ի բյուջեն

Ձեր դուխը չի՞ հերիքում. ԱԺ-ում թեժ մթնոլորտում քննարկում են 2018-ի բյուջեն

Նոյեմբեր 15, 2017 12:32 Լուրեր, Տնտեսական A+ / A-

c8.thumb

ՀՀ ԱԺ-ում քննարկվում է  2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: 2018 թվականի բյուջեով թոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը չեն ավելանալու: Դրան զուգահեռ առողջապահությանն ուղղվող ծախսերը կրճատվել են 5 մլրդ, սոցիալական ոլորտի ծախսերը՝ 300 մլն, իսկ կրթության ծախսերը՝ 700 մլն դրամով: Աճելու է արտաքին պարտքը: Դիմելով ֆինանսների նախարարին` բարձրաձայնեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում, դուք հիմա վերցնում եք նույնքան պարտք, որքան վերցվել է ձեր նկարագրած ցնցումային տարիներին: Սրան զուգահեռ գներն աճում են, և 2018 թվականը լինելու է ամենամեծ գնաճով տարին վերջին տարիների համեմատ: Սա նշանակում է, որ  աղքատներն ավելի են աղքատանալու, մարդիկ առնվազն 10 տոկոսով ավելի վատ են ապրելու հաջորդ տարի»,- ասաց Փաշինյանը:

Ի պատասխան ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ սովորաբար բյուջեն կազմվում է ոչ թե մեկ տարվա համար, այլ տեսադաշտում պետք է ունենալ 3-5 տարիներ:

«2013 թվականին Հայաստանում միջին թոշակը եղել է 30 հազար դրամ, այսօր դա 41 հազար դրամ է, աճը կազմում է 30 տոկոս: Բավարա՞ր է դա, որպեսզի մեր թոշակառուները իրենց լավ զգան, իհարկե, բավարար չէ: Գնաճի մասով երբ որ դուք հնչեցնում եք, 2014-2016 թվականների կուտակային գնաճը եղել է 5,3 տոկոս: Նախորդ տարիներին այն բարձրացումները, որոնք տեղի են ունեցել թոշակների մասով, ավելի առաջանցիկ են, քան գնաճը: Նույնը նաև նվազագույն աշխատավարձին է վերաբերում, 2012 թվականից նվազագույն աշխատավարձն աճել է մոտ 60 տոկոսով:

Մենք շատ պարզ բան ենք ասում՝ 2018 թվականի համար մենք սահմանափակ ռեսուրսներ ունենք: Մենք պետք է փորձենք այդ ռեսուրսների շրջանակում տեղավորվենք: Մենք պետք է որոշենք, թե ինչ անել՝ գնում ենք այն տարբերակով, որ շարունակելու ենք նախորդ տարիների այս սոցիալական քաղաքականությունը, բարձրացումները… Մենք նախորդ տարիներին բարձրացրել ենք, պետք է մի փոքր դադար տանք, որ այդ բարձրացումները մարսենք, որովհետև դա համընկել է 2014-2016 թվականների շոկերի հետ: Որպեսզի այդ շոկերից դու դուրս գաս, պետք է տնտեսությունդ աճի»,- ասաց նա:

Ըստ նրա՝ կառավարության նպատակը հետևյալն է՝ պետք է պայմաններ ստեղծել, որ ոչ թե նպաստ ու թոշակ բարձրացվի, այլ մարդկանց աշխատելու հնարավորություն տրվի:

Նիկոլ Փաշինյանը արձանագրեց. «Ձեր ասածից դուրս եկավ, որ մենք նախորդ տարիներին էնքան բան ենք արել, որ հեղեղել ենք մեր հանրությանը ապահովության գործիքներով, որ հիմա պետք է թողենք` մի քիչ հետ գաք»:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում է, թե ինչու են իշխանությունները մենաշնորհներն ուսումնասիրելու փոխարեն փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին «նեղություն տալիս»:

«Պարոն Արամյան, Ձեր խոսքում նշեցիք, որ պետք է ապահովել տնտեսական աճ՝ ի հաշիվ ադեկվատ հարկային հավաքագրումների: ՓՄՁ-ների նկատմամբ արվածը ադեկվա՞տ հարկային վարչարարություն է, չե՞ք կարծում, որ պետք է սկսեք այնտեղից, որտեղ կա խնդիր: Իմ գործընկերը նշեց՝ 20 հազար ապրանքատեսակ ներկրում է 7 անձ, ինչո՞ւ է Ձեր ադեկվատ վարչարարությունը բռնել ՓՄՁ-ների նկատմամբ, որոնք օրվա հաց են վաստակում, Ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Ֆինանսների նախարարը նշեց, որ խաղի կանոնները բոլորի համար նույնատիպ պետք է լինեն. «Դուխներս հերիքում է: Ես ազդակ չեմ ստացել, որ փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ ոտնձգություն է կատարվում»:

Վարդան Արամյանի այս հայտարարությունը զարմացրեց Նաիրա Զոհրաբյանին. «Ո՞նց ազդակ չեք ստացել, հազարավոր մարդիկ գալիս են Ազգային ժողովի ֆոնին նկարվելո՞ւ եւ գնալո՞ւ, նրանք գալիս են իրենց դժգոհությունները հայտնելու»: Տեղից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ասելով, միեւնույն  է` նախարարի դուխը չի հերիքում:

Փայլակ Ֆահրադյան

scroll to top