Գլխավոր Լուրեր Ձկնաբուծարանում թմրանյութ ու զենք են հայտնաբերել

Ձկնաբուծարանում թմրանյութ ու զենք են հայտնաբերել

6
0

Օրերս ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Սիս համայնքի մի բնակիչ ձեռք է բերել գողացված ձկներ ու ձկան կերեր:

Հունիսի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկություն կատարեցին Սիս համայնքի մի ձկնաբուծարանում: Արդյունքում՝ պահեստարաններից երկուսում հայտնաբերվեցին 44 պարկ տարբեր տեսակի ու քաշի ձկան կերեր:

Բացի այդ, քարե շինության ննջասենյակից հայտնաբերվեց դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածներով 7 թղթե փաթեթներ և պոլիեթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն սերմանման զանգված:
Նույն հասցեի կիսակառույց ջերմատնից հայտնաբերվեց կանեփի մշակված 47 թուփ:

Բացի այդ, սեփականատերը Սիս գյուղի իր առանձնատնից ոստիկաններին ներկայացրեց ևս 15 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով և նույն զանգվածով տարա: Նա ներկայացրեց նաև մեկփողանի, 12 մմ տրամաչափերի, գործարանային համարներով երկու հրացան, ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, 10 հատ փամփուշտ:
Ըստ ձնկաբուծարանի սեփականատիրոջ հայտարարության՝ փաթեթներում կանեփ թմրամիջոց է, ինքն է մշակել անձամբ օգտագործելու համար:

Սեփականատերը ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես և ապօրինի զենք ու ռազմամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: