Գլխավոր Լուրեր Ընդամենը մեկ բառ է․ Տեր Ասողիկը՝ փողոցների անուններին «սուրբ» բառն ավելացնելու մասին

Ընդամենը մեկ բառ է․ Տեր Ասողիկը՝ փողոցների անուններին «սուրբ» բառն ավելացնելու մասին

7
0

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի ավագանու անդամ Թեհմինա Ավագյանի՝ մայրաքաղաքի 3 փողոցների անվանումներին «սուրբ»  բառը ավելացնելու նախաձեռնությանը՝ հույս հայտնելով, որ Երևանի ավագանին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամ կընդունի նախագծերը:

«ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԲԱՌ Է…

Հոգեկան ուրախություն ապրեցի՝ տեղեկանալով քաղաքամայր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամուհի ազնվափայլ Թեհմինա Վարդանյանի նախաձեռնության մասին:
Արդարև, կարևոր մի քայլ է, քանի որ լոկ մեկ բառի հավելմամբ ամբողջանում է կերպարը տվյալ պատմական անձնավորության, ինչպես նաև առանձնահատուկ կերպով ընդգծվում է մեր Ազգային Եկեղեցու իմաստուն տնօրինությունը:
Հայոց Եկեղեցու տոնացույց անցած հարյուրավոր սուրբերի մեջ հայազգի սուրբերը, հիրավի, կազմում են մի աստղաբույլ: Հայ սուրբերը, գրեթե բոլորը, սրբադասվել են ոչ միայն իրենց հավատքի և հավատո գործերի համար, այլև այդ զուլալ աղբյուրից բխած այն ծառայությանց և սխրագործությունների համար, որ նրանք մատուցել ու կատարել են վասն Ազգի և Հայրենիքի: Եվ հատկանշական է, որ մեր պատմության երևելի դեմքերին նախ և առաջ սրբացրել է հայ քրիստոնյա ժողովուրդը՝ իր սրտում, մտքում և հոգում, որից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսների, նրանց սրբոց կարգն է դասել:
Սբ Գրիգոր Լուսավորիչի, Սբ Մեսրոպ Մաշտոցի և Սբ Մովսես Խորենացու լուսավոր կերպարների մեջ խտանում են ազգային հիշողությունն ու հայ ոգեկանությունը, ազգային ողջ ժառանգությունն ու ինքնությունը՝ սկսյալ աստվածախոս Նոյ և աստվածազգյաց Հայկ նահապետներից:
Հետևաբար, պետք է Հայոց պատմության այդ երևելի հոգևոր այրերին ներկայացնել լիարժեք և համաձայն նվիրական կարգի. «սուրբ» եզրը նրանց անուններից անքակտելի է, ինչպես սրբալույս մյուռոնը՝ հայ քրիստոնյաների ճակատներից, ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Հայրենի երկրից, Սուրբ Արարատը՝Հայկական լեռնաշխարհից:
Արդ, սրտագինս ողջունում ենք Թեհմինա Վարդանյանի նախաձեռնությունը, քաջալերում և մեր լիակատար համերաշխությունը հայտնում՝ որպես Երևանցի, որպես հայ քրիստոնյա, որպես հոգևորական:
Կսիրենք հուսալ, որ քաղաքամայր Երևանի Ավագանին՝ գլխավորությամբ պատվարժան քաղաքապետ Հայկ Մարությանի, կվավերացնի ներկայացված նախագծերը:
Թող պաշտոնապես արձանագրված անունները խոսեն և պատմեն մեր Մեծերի վարքը. ընդամենը մեկ բառ է, բայց որքա՜ն բան է այն արտահայտում, ուսուցանում և պատգամում»: