Գլխավոր Լուրեր Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ՝ Բեռլինում

Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ՝ Բեռլինում

5
0

Գերմանաբնակ տենոր և երգահան Մասիս Առաքելյանը մարտի 3-ին Բեռլինի Կայզեր-Վիլհելմ-Գեդեխթնիս եկեղեցում իր «Կռունկ և պոետի սերը» ծրագրով հանդես եկավ Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված մենահամերգով։ Համերգի նախաձեռնողը, կազմակերպիչն ու ֆինանսավորողը Մասիս Առաքելյանն էր։ Սա հայ-գերմանական երաժշտության համերգ էր հայ և գերմանացի երաժիշտներից կազմված քառյակի մասնակցությամբ՝ Դիթլինդ-Մարիա Շթռոփալ (դաշնամուր), Դավիթ Խաչատրյան (ջութակ), Միքայել Հախնազարյան (թավջութակ), Մասիս Առաքելյան (տենոր և կոմպոզիցիա):

Համերգում ներկայացվեցին նաև ձայնասկավառակի բազմաթիվ երգերի համար արվեստագետի կողմից ջութակի և թավջութակի համար գրված և որպես քառյակ մշակված ստեղծագործություններ։ Արևմտյան Բեռլինի ամենահայտնի եկեղեցու պատմության մեջ, ի շնորհիվ Մասիս Առաքելյանի, առաջին անգամ հայ և գերմանական գեղարվեստական երգերը փոփոխելով և նրբորեն միմյանց մեջ հոսելով, ցուցադրեցին իրենց նմանություններն ու նույն նյութը տարբեր ուղիներով ներկայացնելու արվեստը։

Այս աշխատանքը հատկանշական էր նրանով, որ արվեստագետն իր կողմից, որպես գեղարվեստական երգ մշակված, Կոմիտասի, Գրիգոր Թալյանի և իր ստեղծագործությունները կողք-կողքի ներկայացրեց գերմանացի հայտնի կոմպոզիտոր և գերմանական գեղարվեստական երգի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռոբերտ Շումանի ստեղծագործությունների հետ։ Գերմանացի և այլ ազգերի հյուրերի արձագանքը չափազանց դրական էր։ Հայ և գերմանական երաժշտության համադրումն ու համեմատումը, որպես նոր աշխատանք, հետաքրքրել և հիացրել էր պահանջկոտ հանդիսատեսին։