Երեքշաբթի , 23 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » էս մեր վերջին կանգառն է. տուն-ինտերնատի բնակիչ (տեսանյութ)

    էս մեր վերջին կանգառն է. տուն-ինտերնատի բնակիչ (տեսանյութ)

    Հունվար 4, 2018 17:37 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Էս մեր վերջին կանգառն է, այստեղից էլ հետդարձի ճանապարհ չկա… Տուն-ինտերնատի շատ բնակիչների համար արդեն դեպի տուն կամուրջներն այրվել են: Նրանք իրենց տներից դուրս են եկել, և այլևս հույս էլ չկա, որ մի օր նորից կլինեն սեփական տանը, կզգան երեխաների ու թոռների հաճելի ներկայությունը:

    Նորքի տուն-ինտերնատի բնակչուհի Ջուլիետա Շիրակյանն էլ տարիներ առաջ եկավ այստեղ և նորից տուն գնալու, երեխաների հետ ապրելու մասին չի էլ մտածում: Արդեն հարմարվել է ճակատագրին, որ կյանքի մնացած տարիներն անցկացնելու է նոր ընտանիքի՝ տուն-ինտերնատի մյուս բնակիչների ու աշխատակիցների հետ:

    «Ես ինքս եմ էստեղ եկել, տղաս քանի անգամ եկել է, որ տանի, բայց չեմ գնացել, ինձ էստեղ ավելի լավ եմ զգում: Տեսնում եմ, որ ջահելներն ուզում են ազատ ապրել, դրա համար ես որոշեցի գամ էստեղ, թե չէ ես ամեն ինչ իրանց համար թողել եմ: Աշխատում եմ իրենց հետ կապ ունենամ, բայց չեմ ուզում գնալ… չեմ ուզում խանգարել»,- պատմում է տիկին Ջուլիետան:

    Նրա համար սեփական տունը, երեխաներին թողնելը դժվար է եղել, հիմա էլ դժվար է նրանցից հեռու ապրելը, բայց որոշումից էլ հետ կանգնել չի կարող. «Երբ սիրտդ վիրավորված է, դժվարանում ես… ավելի լավ է թող իրենք իրենց ձևով ապրեն: Մենք մեր մեծերին ուրիշ ձևով ենք վերաբերվել, բայց հիմա հասկանում եմ, որ ջահելներն ուզում են ազատ ապրել, առանձին»:

    Թեկուզ երեխաներից ու թոռներից հեռու` տիկին Ջուլիետայի երազանքներն ու մտքերը դեռ շարունակում են նրանց մասին լինել. «Իմ երազանքները երեխաներիս հետ են կապված, որ իրենք լավ լինեն, հաջողություններ ունենան, լավ ապրեն, հետո երկրորդական նոր մտածում ես քո առողջության մասին»:

    Բացի նշվածից, Ջուլիետա Շիրակյանը մեկ այլ ցանկություն էլ ունի՝ ուզում է ստեղծագործությունները տպագրվեն, գրել սկսել է տուն-ինտերնատում. «Դե, էստեղ էլ բան չկա անելու, այնքան պարապ եմ, որ սկսել եմ գրել: Մուսաս տարբեր ժամանակ գալիս է, կարող է գիշերը քնած տեղից վեր կենամ ու գրեմ: Տարբեր բաներ եմ գրում՝ բանաստեղծություն, պատմվածք, հերոսներս կենդանիներ են, բայց իրականում մարդկանց մասին եմ գրում»:

    Լրագրող՝ ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

    Օպերատոր՝ ՍԱՐԳԻՍ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

    scroll to top