Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
12°
Home » Լուրեր » Ֆակուլտետներ, որտեղ դասապրոցեսը տապալվել է դասադուլի պատճառով (տեսանյութ)

Ֆակուլտետներ, որտեղ դասապրոցեսը տապալվել է դասադուլի պատճառով (տեսանյութ)

Նոյեմբեր 14, 2017 15:02 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

Untitled

Araratnews.am-ն տեղեկացրել էր, որ Երևանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետներում դասապրոցեսը գրեթե ամբողջությամբ տապալվել է վերջին օրերին ուսանողների դասադուլի պատճառով:

Այսօր արդեն դասադուլի 6-րդ օրն է, և բնագիտական որոշ ֆակուլտետներում ուսանողների մեծ մասը շարունակում է բոյկոտել դասապրոցեսը և բացակայել: Մենք եղանք մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, որտեղ դեկան Արթուր Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դասադուլի պատճառով այս պահին ոչ մի ուսանող դասի չի եկել:

«Բացակաները բավականին շատ են, այսօր առավոտյան 5-6 խմբում է դաս եղել փոքրաթիվ ուսանողներով, բայց հիմա ընդհանրապես ուսանող չկա, սա է իրավիճակը: Անցած օրերին նույնպես բացակայություններ շատ են եղել, ուսանողների մոտ 80 տոկոսը դասի չի եկել: Ես անձամ համարում եմ, որ պետք է դադարեցնել այս դասադուլը, կարծես թե դասադուլ անող ուսանողների տեսակետը չունի մեծամասնություն»,- նշեց դեկանը:

Մեր դիտարկմանը, որ եթե ամբողջ ֆակուլտետում մեկ ուսանող անգամ չկա դասի նստած, դա չի՞ խոսում այն մասին, որ շատերն են կողմ դասադուլավորների տեսակետին, դեկանը պատասխանեց, որ իրենց ֆակուլտետը դեռ ամբողջ համալսարանը չէ, և այս պայմաններում դասադուլը շարունակելն անիմաստ է համարում. «Իհարկե, իրենք կարող են բարձրաձայնել և արդեն բարձրաձայնել են, և նրանց լսել են թե՛ երկու նախարարները, թե՛ վարչապետը»:

Նշենք, որ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում սովորում է մոտ 500 ուսանող:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում նույնպես դասապրոցեսը նորմալ չի ընթանում: Ինչպես տեղեկացրեց ֆակուլտետի  դեկան Խաչատուր Ներկարարյանը, իրենց մոտ ևս շատ քիչ ուսանողներ են մասնակցում դասերին:

«Դասադուլի օրերին մոտ 30-35 տոկոսն էր մեզ մոտ դասի գալիս, այսօր առավոտյան մի քիչ շատացել էր ներկաների թիվը, բայց հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, և նորից ներկաների թիվը կտրուկ փոխվեց. այս պահին, կարելի է ասել, դասին ներկա է մոտ 20-25 տոկոսը»,- նշեց Ներկարարյանը և հավելեց, որ, այնուամենայնիվ, բացակաները դրվում են:

Հարցին` նկատողություններ արդեն պատրաստե՞լ են այն ուսանողների համար, ովքեր վերջին օրերին ընդհանրապես դասի չեն գնացել, դեկանը պատասխանեց. «Նկատողությունների հարցը դեռ դրված չէ, կարծում եմ` նպատակահարմար էլ չէ, տեսնենք` զարգացումներն ինչպիսի՛ն կլինեն: Կարծում եմ, որ այդ կարգի որոշումներն ավելի բարձր մակարդակով կլինեն»:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ չնայած ինքը նույնպես դեմ է օրենքի նոր նախագծին, սակայն դասադուլը հարցի լուծում չէ. «Հատկապես հացադուլը պայքարի ձև չէ, բայց միևնույն ժամանակ նրանք մեր երեխաներն են, մենք մեծ ցավով ենք նրանց վերաբերվում»:

Իսկ օրենքի նախագծին դեմ լինելը պայմանավորված է հետևյալով. «Ես արտահայտել եմ իմ կարծիքը և չեմ թաքցրել, որ դեմ եմ օրենքի նախագծին, ռեկտորատի նիստի ժամանակ էլ դեմ եմ քվեարկել: Ես չեմ ուզում կանխագուշակումներ անել, թե օրենքի ընդունումն ինչի կհանգեցնի, բայց ես կարող եմ ասել, թե ինչ տեղի կունենա մեր ֆակուլտետում: Օրինակ` մեր ամենամեծ խումբը ռադիոֆիզիկա մասնագիտությունն է, և այնտեղ այս տարվա ուսանողների թիվը 60 էր, որոնց մեջ ընդամենը 4 աղջիկ ունենք: Հիմա եթե բոլորը գնան բանակ, մագիստրատուրայի ուսանող չի լինի, այն կվերանա, որովհետև այս տարի նաև չկային ուսանողներ, ովքեր բանակից վերադարձած են ու կուզեին մագիստրատուրայում սովորել, նույնիսկ անվճար թափուր տեղ կար»:

Հիշեցնենք, որ այսօր դասադուլի 6-րդ օրն է, և դասադուլավորներից 5-ը անժամկետ հացադուլ են հայտարարել:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

122488199673267500288781848048447njpg
scroll to top