Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Ֆիլմի ավարտը, Սարգսյանին խնդրողներն ու արջի ծառայություն մատուցողները

    Ֆիլմի ավարտը, Սարգսյանին խնդրողներն ու արջի ծառայություն մատուցողները

    Ֆիլմի ավարտը, Սարգսյանին խնդրողներն ու արջի ծառայություն մատուցողները
    Փետրվար 19, 2018 13:20 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

    Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 10-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ըստ էության հաստատել էր, որ ՀՀԿ-ն Հայաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանին: Նա ասել էր, թե դա իր անձնական կարծիքն է, որը շատերն են կիսում, իսկ կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Սակայն հետո Աշոտյանը  ավելացրել է, որ այս ամենը նման է դասական ներկայացմանը. «Բոլորը գիտեն` ինչով կավարտվի, սակայն, միեւնույն է` նայում են»:

    Երևան Տոնավաճառ

    Մեկ օր անց  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀԿ-ում կա ցանկություն Սարգսյանին առաջադրելու վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտարարեց նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանի կուսակիցները հայտարարում են նաեւ, որ ընդհանուր քննարկում ապագա վարչապետի թեկնածուի հետ կապված չկա:

    Ինքը` Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, 2014 թվականի ապրիլի 10-ին բառացիորեն հայտարարել էր հետեւյալը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:

    Ընտրվել է խորհրդարանական կառավարման մոդելը: Այսինքն` Սերժ Սարգսյանի ցանկությանը չհամապատասխող ուղի: Սա ինքնին ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չի դառնա, գոնե միայն նրա համար, որ հրապարակավ խոստացել է: Իհարկե, հավատալ Սերժ Սարգսյանի խոստումներին չի կարելի, ինչը քննարկման այլ թեմա է:

    ՀՀԿ տարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանի ցանկությանը չհամապատասխանող ուղու վերաբերյալ, փաստացի դիտարկվում է որպես արջի ծառայություն: Արդյոք ՀՀԿ-ականները խնդրո՞ւմ են Սարգսյանին դառնալ վարչապետ: Նա չի ցանկանում, հոգնել է, բայց ՀՀԿ-ականները շարունակում են խնդրել: Իսկ որ խնդրողների, այս դեպքում նաեւ` աղաչողների պակաս չկա, ակնհայտ է:

    «Ոչ միայն Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միահամուռ, այլև հայոց ազգն ամբողջությամբ, մեծ իմաստնությամբ և պատասխանատվության զգացումով Հայաստանի վարչապետի պաշտոնը պետք է վստահեն միայն ու միայն լավագույնին՝ հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանին». սա էլ ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում երկնել է «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը: Սերժ Սարգսյանը Խաչիկ Ասրյանի քավորն է, եւ, բնականաբար, սանիկն իրավունք ունի խնդրել քավորին, սակայն ո՞վ է իրավունք տվել Ասրյան Խաչիկին խոսել հայ ազգի անունից: Հարցի պատասխանը ամենամեծ արծվից ստանալ մեզ չհաջողվեց: Ասրյանը հեռախոսազանգերին չպատասխանեց: Ենթադրելի է, որ  դարակազմիկ մտքեր արտաբերելուց հետո «Հայոց Արծիվը» չվել է:

    Այն, որ ՀՀԿ-ում կան արջի ծառայություն մատուցողներ, մեկ անգամ չէ, որ խոսվել է: Օրինակ` տարբեր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ներդնում է մարդկանց, ովքեր ընտրակեղծիքներ են կատարում, որոշները բացահայտվում են, եւ հանրապետականները հայտարարում են, թե ցանկացել են իրենց արջի ծառայություն մատուցել:

    Երեւանի ավագանու  այս տարվա առաջին նիստում եւս ավագանու ՀՀԿ որոշ անդամների կատարածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ արջի ծառայություն` մատուցած Տարոն Մարգարյանին: Հիմա էլ Սերժ Սարգսյանին՝ ապագա վարչապետի պաշտոնում տեսնելու  ցանկությունով տոգորված անձինք մատուցում են արջի ծառայություն՝ մեկ անգամ եւս խայտառակվելով:

    Ի վերջո, պարզ ճշմարտություն է` եթե Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել անցնել  իր ցանկությանը չհամապատասխանող ուղիով, ապա դժվար թե աշոտյանների, միհրանհակոբյանների եւ խաչիկասրյանների խնդրանքով դա լինի: Վերջիններս շատ լավ գիտեն, որ իրենց կուսակցությունում նրանք սոսկ Սերժ Սարգսյանի արդեն իսկ միանձնյա  ընդունած որոշումները գլխիկոր հաստատողներ են՝  տեսախցիկների առջեւ  պարզապես  ձեռք բարձրացնելով: 

    Փայլակ Ֆահրադյան


    scroll to top