Գլխավոր Լուրեր Գանայից եկածները կմաքրեն Երևանը

Գանայից եկածները կմաքրեն Երևանը

8
0

Երեկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանմաքրման բաժնի պետ Աշոտ Ասատրյանը լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ «Համալրվում ենք Գանայից եկած աշխատողներով, որ իրականացնենք Երևան քաղաքի աղբահանությունը»:

Օգտատերերից Նարինե Մարտիրոսյանն էլ տեսանյութ էր տեղադրել մեկնաբանություններում, որտեղ նույն այդ Գանայից եկածները երգում էին։ Օգտատերերի գրառումներից պարզ է դառնում, որ նրանք «Հայբուսակի» ուսանողներ են։

Araratnews.am-ը կապ հաստատեց Աշոտ Ասատրյանի հետ՝ պարզելու, թե ինչպես են գանացիները հայտնվել քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման բաժնում։

«Ոնց որ հայերը, նույն կերպ էլ հնդիկները, գանացիները գալիս, դիմում են աշխատանքի համար։ Որևէ որոշում չի եղել, որ կոնկրետ իրենց ենք աշխատանքի վերցնելու»։

Ասատրյանի խոսքով՝ նրանք քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկացել են թափուր աշխատատեղերի մասին և դիմել։

«Տարբեր մարդիկ դիմել են, և ով համապատասխանել է աշխատանքին, անցել է գործի»,- ասաց Ասատրյանը՝ նշելով, որ աշխատանքի դիմելուց հետո մեկ-երկու օր փորձաշրջան են անցնում և անցնում աշխատանքի։

Ի դեպ, նրա խոսքով՝ շատերը դիմում են աշխատանքի, բայց տեսնելով՝ ինչ են անելու, հրաժարվում են։

Հարցին՝ արդյոք բոլոր գանացինե՞րն են ուսանող, աղբահանության բաժնի պետն արձագանքեց՝ ոչ բոլորը։

Իսկ արդյոք հայաստանցիները չեն ուզում աշխատել ոլորտում, նա ասաց, որ այդքան էլ չէ։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը վստահեցրեց, որ գանացի աշխատողների ընտրությունը հատուկ չի արվել․ «Աշխատաշուկայում որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի, բացի մասնագիտական կարողություններից։ Մեր դռները բաց են աշխատանքի իրավունք ունեցող ցանկացած մարդու համար, անկախ նրանից՝ նրանք կլինեն հայաստանցիներ, թե արտերկրացիներ»։

Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանում շատացել են օտարերկրացիները, ովքեր մեր երկիր են գալիս հենց աշխատելու նպատակով։

գանա 1