Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Գառնի-Գեղարդը, հայկական գաթան եւ հնդիկ աստղերը (լուսանկարներ)

    Գառնի-Գեղարդը, հայկական գաթան եւ հնդիկ աստղերը (լուսանկարներ)

    Գառնի-Գեղարդը, հայկական գաթան եւ հնդիկ աստղերը (լուսանկարներ)
    Հուլիս 5, 2019 14:23 Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

    Երեկ «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ այդքան սպասված հայ-հնդկական երեկոն: Երեկոյին մասնակցում էին հնդկական սերիալների սիրված դերասանները՝ Ռաշամի Դեսաին (Տապասիա), Թինա Դատտան (Իչա), Սպանդան Չատուրվեդին (Չակոր), Գաուրավ Չոպրան (Ռաթոր), Վիջաենդրա Կումերիան (Սուրաջ) Մրունալ Ջայինը (Ակաշ): Նրանք թեեւ չերգեցին բեմում, բայց ընկերակցեցին հայ երգիչներին, որոնք  հնդկական սիրված երգեր երգեցին:

    Համերգը, սակայն, սկսվեց մեկուկես ժամ ուշացումով: Բացի այդ, հանդիսականների մեծ մասն էլ չէր կողմնորոշվում, թե  որտեղ պետք է նստի կամ ինչու պետք է պարահրապարակը  բեմից հեռու լինի: Չնայած խնդիրներին, հայ հանդիսատեսը ջերմորեն ընդունեց հնդիկ աստղերին, որոնք մինչեւ համերգը այցելել էին Գառնի, Գեղարդ, համտեսել հայկական գաթա, շրջել Հյուսիսային պողոտայում: Աստղերի համար անսպասելի էր այդ ջերմ ընդունելությունը, որն արտահայտվում էր ոչ միայն ծափերով, այլեւ նվերներով, ծաղկեփնջերով: Աստղերից մեկը՝ Գաուրավ Չոպրան, նույնիսկ  «Ինստագրամի» էջում հրապարակել էր իրեն տված նվերները եւ շնորհակալություն հայտնել:

    Համերգից հետո հնդիկ աստղերին «հետապնդում» էին անգամ ետնաբեմում, անվերջ լուսանկարվում:

    Araratnews.am-ը համերգի կազմակերպիչ Վարդան Սարգսյանի հետ խոսեց համերգի ժամանակ առաջացած խնդիրների մասին: Վարդանից նախ տեղեկացանք, որ հնդիկ աստղերն այսօր առավոտյան մեկնել են Հայաստանից, բացի Մրունալ Ջայինից, որը հայտնի է հայ հանդիսատեսին «Մերժվածը» սերիալում Ակաշի դերով:

    Ինչ վերաբերում է համերգի ուշ սկսվելուն, ապա Վարդան Սարգսյանն ասաց. «Մումբայում ջրհեղեղ էր: Հայաստան գալու օրը նրանք վիդեոներ էին ուղարկում օդանավակայանից եւ ցույց տալիս՝ ջրհեղեղ է Մումբայում: Մենք անհանգստանում էինք, որ չեն հասնի օդանավակայան: Մումբայից Երեւան ուղիղ չվերթ չկա: Պետք է թռչեին Արաբական Միացյալ Էմիրություններ, այնտեղից՝ Երեւան: Ու քանի որ ինքնաթիռը Մումբայից Էմիրություններ էր հասել 2.5 ժամ ուշացումով,  իսկ Միացյալ Էմիրությունների Շարժայի օդանավակայանից Երեւան եկող ինքնաթիռն արդեն թռել էր, հետեւաբար նրանք Հայաստան են եկել նախատեսվածից մեկ օր ուշ»:

    Հանդիսատեսի դժգոհության մասին էլ Վարդան Սարգսյանն ասաց. «Ես ինչքանով տեղյակ եմ՝ եղել են պարահրապարակ եւ նստելատեղեր: Նստելատեղերի  վրա հստակ գրված  է եղել պարտեր: Գուցե պարահրապարակ եկածները որոշել էին նստել, ու երբ տվյալ աթոռի տերն ու տիրակալը եկել է, ստիպված են եղել այդ մարդուն հանել են»:

    Համերգին պետք է մասնակցեին նաև երգիչներ Միհրան Ծառուկյանը, Էրիկ Կարապետյանը, դերասան Ռաֆայել Երանոսյանը, սակայն չկային: Վարդան Սարգսյանը տեղեկացրեց՝ Միհրան Ծառուկյանի անունը հենց առաջին օրվանից հանված է եղել՝ նրա հետ համաձայնության չգալու պատճառով: Նոր գովազդում նրա անունը չի եղել:

    Էրիկ Կարապետյանի եւ Ռաֆայել Երանոսյանի չմասնակցելու պատճառը համերգի օրվա տեղափոխումն էր: Հիշեցնենք՝ համերգը պետք է կայանար մայիսի 31-ին, սակայն տեղափոխվել էր հուլիսի 4, որի պատճառով էլ երկու արտիստները չկարողացան մասնակցել:  Ռաֆայել Երանոսյանի փոխարեն բեմ բարձրացավ դերասան Անդրանիկ Հարությունյանը:

    Սոնա Դավթյան

     


    scroll to top