// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Գազը սահմանին 150 դոլար է, սպառողներին հասնում է բարձր գնով. քննարկում ԱԺ-ում

    Գազը սահմանին 150 դոլար է, սպառողներին հասնում է բարձր գնով. քննարկում ԱԺ-ում

    Գազը սահմանին 150 դոլար է, սպառողներին հասնում է բարձր գնով. քննարկում ԱԺ-ում
    Նոյեմբեր 8, 2018 12:35 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Սահմանին 150 դոլարով ձեռք բերելով  գազը՝ այն սպառողին հասնում է բարձր գնով: Իհարկե, մենք նշեցինք, որ գազի միջին սակագինը 255 դոլար է: Ի՞նչ ռեզերվ կա, որ  գազի վաճառքի հիմքում հիմքում լինի միջին սակագինը կամ ավելի մատչելի գին: Կա՞ արդյոք ծախսերի շղթայում այնպիսի օպտիմալացում, որը կհանգեցնի միջին սակագնի նվազեցմանը: Այսօր Ազգային ժողովում հարցրեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման, բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովում:

    Միքայել Մելքումյանը հիշեցրեց՝ սոցիալապես անապահովների  համար 1 խմ գազի գինը  80 դրամ է, իսկ  2017-ի հունվարի 1-ին  ջերմոցների, տնտեսավարողների համար գազի գինը 1000 խմ գազի դիմաց սահմանվեց 242 դոլար, սակայն  դրանից «Գազպրոմի» հասույթը չի  ավելացել: Ըստ Միքայել Մելքումյանի՝  նախկին կառավարությունն այլ քայլեր չի արել՝ մատչելի վարկեր չեն տրվել, աջակցող քաղաքականություն չի իրականացվել, որպեսզի տնտեսավարողների համար տեղաշարժ լինի:

    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ Հրանտ Թադևոսյանն ասաց, որ  գազի վաճառքի միջին գինը 255 դոլար է, մարժան «Գազպրոմի» համար մնում է 62 դոլար: «Մեր ծախսերն ավելի շատ են, քան մուտքերը: Հետևաբար սակագինն իջեցնելու լրացուցիչ ռեզերվ գտնելը խնդրահարույց է: «Գազպրոմը» խնդիր չի տեսնում, եթե բոլոր սպառողներին գազը հասնի նույն գնով՝ 1000 խմ-ի համար 255 դոլար»,- ասաց  նա:

    Նրա խոսքով՝  գազաբաշխման համակարգում 50 տարվա մեխանիզմ ունեն, որը չի կարող նորմատիվային դաշտում ճիշտ աշխատել:

    Հրանտ Թադեւոսյանը հիշեցրեց՝ գազի գնման պայմանագրերի ժամկետն այս տարի ավարտվում է: «Հիմա բանակցում են  գազի  նոր սակագին հաստատելու համար: Երբ բանակցությունները կավարտվեն, ու «Գազպրոմ Արմենիան» կստանա թվերը, մեր առաջարկությունները կներկայացնենք»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:

    Ինչ վերաբերում է կորուստներին, գազի սակագնում կորուստները կազմում է 6,69%, որի 4,64%-ը նախատեսված է փոխադրման համակարգի, 2,05 տոկոսը՝ բաշխման համակարգի համար: «Չմոռանանք, որ գազահաշվիչները  տեղադրված են դրսում, որն էլ իր հերթին խնդրահարույց է, եւ սխալվելու հավանականությունը +-2% է: Դա նշանակում է, որ կորուստները սխալանքի դաշտում են»,- հավաստիացրեց Հրանտ Թադեւոսյանը:

    «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչն ընդունեց, որ 4,64% կորուստը գազի փոխադրման համակարգում նորմայից բարձր է, դրա համար էլ ընկերությունը  ներդրումներն իրականացրել է գազաբաշխման համակարգում:

    Միքայել Մելքումյանն էլ արձագանքեց՝ եթե կորուստ կա համակարգում, ինչո՞ւ գազի գինը չի  համապատասխանեցվում  կորուստների թվին: «Պետք է սակագնի եւ մեթոդաբանության մեջ  կատարել օրենսդրական փոփոխություն: Դա մեր եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խնդիրն է»,- ավարտեց իր խոսքը Միքայել Մելքումյանը:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top
    //