Գլխավոր Լուրեր Գիտության նկատմամբ հետաքրքությունը սկսվում է դպրոցից

Գիտության նկատմամբ հետաքրքությունը սկսվում է դպրոցից

2
0

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անցկացրած օլիմպիադայի հաղթողների, նրանց ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչների հետ: Մրցանակների են արժանացել Երևանի թիվ 87, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, Հերացու անվան ավագ դպրոցների, ինչպես նաև Արցախի Նորշենի դպրոցի աշակերտները: «Հուսով եմ, որ ապագայում այս մրցույթն ավելի լայն ընդգրկում կունենա, որի միջոցով կրթական նոր որակ կապահովենք մեր ուսումնական հաստատություններում: Եթե այս մրցույթից հետո գոնե մեկ աշակերտ ասել է, որ հետագայում գիտությամբ է զբաղվելու, հետևաբար դա ցուցիչ է»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ ԱՐՓԱ-ի միջոցով Հայաստանն արդեն  հաջորդ տարի կմասնակցի Ինտել ընկերության մրցույթին: «Գիտության մեջ ներկայումս լուրջ խնդիր կա տարիքի առումով, և եթե առաջիկա տարիներին մենք կտրուկ գործողությունների չդիմենք, ապա լուրջ կորուստներ կունենանք: Մենք  միտված ենք, որ արդեն իսկ դպրոցից հետաքրքրություն լինի գիտության նկատմամբ, իսկ որ դա առկա է մեր պատանիների շրջանում, վկայում է, օրինակ, տարբեր ցուցահանդեսների ընթացքում նրանց մեծ ներգրավվածությունը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ պետք է անել հնարավորը՝ խրախուսելու  և արժևորելու գիտությամբ զբաղվելը:

Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության նախկին անդամ Ռազմիկ Կարախանյանն իր հերթին նշել է, որ ընկերակցությունն իր գործունեության 35 տարիների ընթացքում 18 անգամ անցկացրել է վերոնշյալ օլիմպիադան: Այս տարի ԱՄՆ դպրոցականներից բացի, օլիմպիադային մասնակցել են նաև ՀՀ և Արցախի աշակերտները: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարիներին օլիմպիադային մեծ մասնակցությունը կխթանի Հայաստանում STEM (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի զարգացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցում հետազոտական բաղադրիչի ավելացման, դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդման, հետազոտական օլիմպիադաների համակարգման և այլ հարցերի:

Մրցույթի կազմակերպիչները պատրաստակամություն են հայտնել մասնագիտական աջակցություն ցուցաբերել այն աշակերտներին, ովքեր ունեն որևէ գիտական գաղափար, սակայն չգիտեն ինչպես այն ներկայացնել: