Գլխավոր Լուրեր Գլխից են բռնել. Գագիկ Հարությունյանը հրաժեշտ կտա՞ աթոռին

Գլխից են բռնել. Գագիկ Հարությունյանը հրաժեշտ կտա՞ աթոռին

13
0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի` Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել. առաջիկայում նա հրաժեշտ կտա աթոռին:

Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների մասին: ՀՀ վարչապետը իր ելույթում նշել էր. «Առաջին` Հայաստանում գործող բոլոր դատավորները, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի, այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»:

Եւ, ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների`ոլորտի ինքնամաքրումը պետք է սկսվի հենց Բարձրագույն դատական խորհրդից, եւ հենց առաջին հրաժարականը պետք է ներկայացնի նախկին իշխանությունների հետ խնամիական կապեր ունեցող ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը ամուսնացած է Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ: Նա խնամիական կապեր ունի նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր հետ. վերջինիս դուստրը Հարությունյանի հարսն է:

Բացի այդ, Հարությունյանը համարվում է անկախ Հայաստանում կեղծված բոլոր համապետական ընտրությունների կնքահայրը. չէ՞որ հենց նրա ղեկավարած ՍԴ-ն է վավերացրել բոլոր կեղծված ընտրությունների արդյունքները`թույլ տալով` իշխանությունը ՀՀ-ում տասնամյակներ շարունակ լինի ոչ լեգիտիմ: Այլ կերպ ասած, տեսակետ կա, որ ուղղակի կամ անուղղակի կերպով նա էլ մասնակից է եղել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը:

Ըստ ՀՀ դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի. «Եթե անձը Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից հետո օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից:

4. Եթե անձը Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, եւ նրա՝ո րպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրության չափը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված վարձատրության չափը, ապա նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրությունը պահպանվում է, իսկ պակաս լինելու դեպքում նա վարձատրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված չափով:

Սույն մասով սահմանված երաշխիքը կիրառվում է նաեւ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջին ատյանի դատարանի երկու դատավորներ՝ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը պնդում են՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարում է անձ` Գագիկ Գարուշի Հարությունյան (ծնված 23.03.1948 թվականին), որի լիազորությունները ՀՀ դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով պետք է դադարած լինեին` նրա 65 տարին լրացած լինելու հանգամանքով պայմանավորված: Այնինչ ՍԴ երկարամյա նախագահը հիմա էլ պաշտոնավարում է ԲԴԽ նախագահի աթոռին: Նրանք մտադիր են ԲԴԽ նախագահի պաշտոնավարման հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ու հիմա չի բացառվում, որ այդ հանգամանքները ներկայացվեն Գագիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու հարցում: Չի բացառվում՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն ինքը առաջիկայում հրաժարական տա, իսկ պատճառաբանություն կբերվի կա՛մ տարիքը, կա՛մ ասպարեզը երիտասարդ սերնդին թողնելու հանգամանքը: Ամեն դեպքում, մեր աղբյուրները պնդում են, որ Հարությունյանի պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել դատական դեպարտամենտից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ձեր կողմից հորինված հարց է, ընդ որում` ոչ կոռեկտ: Մեր օրակարգում նման հարց գոյություն չունի»:

Աղբյուրը՝ armlur.am