Գլխավոր Լուրեր Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը համայնքին պատճառել է 70 մլն վնաս

Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը համայնքին պատճառել է 70 մլն վնաս

3
0

Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա»  ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Հայտարարության մեջ ասված է. «Հաշվի առնելով հանրության  հետաքրքրությունը՝  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ, հայտնում  ենք,  որ  համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ «Լիդիան Արմենիա»  ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը՝ համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է «Լիդիան Արմենիա»  ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: