Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Լուրեր » Գործող գյուղապետները վերընտրվելու հայտ են ներկայացրել

    Գործող գյուղապետները վերընտրվելու հայտ են ներկայացրել

    Հոկտեմբեր 13, 2017 13:36 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    @ntrutun

    Նոյեմբերի 5-ին հանրապետության 52 խոշորացված համայնքներում  կանցկացվեն ՏԻՄ՝ համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնցից 3-ում՝ Գորիսում, Շիրակամուտում եւ Արտաշատում, տեղի կունենան արտահերթ ընտրություններ: 2017 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է  նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ անցկացվող 49 համայնքում առաջադրվել էր 143 թեկնածու, որոնցից 8-ը մինչև գրանցումը իրենց փաստաթղթերը հետ են վերցրել:

    Araratnews.am-ը իր նախորդ հրապարակումներում ներկայացրել էր Արագածոտնի եւ Արարատի մարզերի այն համայնքները, որտեղ անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ: Ներկայացրել էինք նաեւ առաջադրվող թեկնածուների ցանկը: Այժմ ներկայացնենք Գեղարքունիքի մարզում տիրող նախընտրական իրավիճակը:

    Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքում առաջադրվել են երկու ՀՀԿ-ականներ՝ համայնքի գործող ղեկավար Կարինե Մարտիրոսյանը, որի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն, եւ Ռաֆիկ Սաֆարյանը: Վերջինս, չնայած ՀՀԿ-ական է, սակայն  ինքնաառաջադրվել է:

    Երկու անկուսակցական ինքնաառաջադրված թեկնածու էլ ունի Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքը: Այստեղ ինքնաառաջադրվել են գործող համայնքապետ Մհեր Մարտոյանն ու իր տեղակալ Գեղամ Գյուրզոյանը: Առավել քան ակնհայտ է, որ տեղակալի ինքնաառաջադրումը ֆիկտիվ բնույթ ունի:

    Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում էլ  ՀՀԿ-ն առաջադրել է համայնքի գործող ղեկավար ՀՀԿ-ական Լեւիկ Գրիգորյանի թեկնածությունը: Մեկ այլ թեկնածու` անկուսակցական Դավիթ Մանուկյանը, ինքնաառաջադրվել է:

    Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում առաջադրվել է համայնքապետի երեք թեկնածու. ՀՀԿ-ն առաջադրել է Ճամբարակի ՀՀԿ-ական քաղաքապետ Յուրիկ Ավալյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են Թթուջրի գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Վիգեն Սահակյանն ու անկուսակցական Վազգեն Սահակյանը:

    Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում էլ ՀՀԿ-ն առաջադրել է Շողակաթի գործող համայնքապետ ՀՀԿ-ական Սուլիկո Շուշանյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են Դրախտիկ համայնքի անկուսակցական ղեկավար Վալենտին Պետրոսյանն ու ՀՀԿ-ական Աշոտ Կիրակոսյանը:

    Առաջադրված 5 թեկնածու ունի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը: Այստեղ իշխող ՀՀԿ-ի թեկնածուն  Վարդենիսի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանն է: Ինքնաառաջադրվել են եւս երկու ՀՀԿ-ականներ՝ մարզպետարանի աշխատակից Արամ Հարությունյանն ու Կարեն Մկրտչյանը: Բացի ՀՀԿ-ականներից, Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու են ինքնաառաջադրվել նաեւ անկուսակցականներ Պարգեւ Խչեյանն ու Սմբատ Սիմոնյանը:

    Ամփոփելով` կարող ենք ասել, որ  համայնքի ղեկավար վերընտրվելու հայտ են ներկայացրել հիմնականում գործող գյուղապետները:

    Հավելենք, որ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին 49 համայնքում գրանցվել է 135 թեկնածու, որոնցից 3-ը կանայք են: Համայնքի ղեկավարի 135 թեկնածուից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության, 6-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 4-ը՝ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության, 1-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և 1-ը «Համերաշխություն» կուսակցության անդամներ են:

    Փայլակ Ֆահրադյան

    Նման թեմաներ

    scroll to top