Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    16°
    Home » Լուրեր » Գործող օրենքով ի՞նչ տուգանքներ են սահմանված արգելված վայրերում ծխելու համար

    Գործող օրենքով ի՞նչ տուգանքներ են սահմանված արգելված վայրերում ծխելու համար

    Գործող օրենքով ի՞նչ տուգանքներ են սահմանված արգելված վայրերում ծխելու համար
    Փետրվար 14, 2018 15:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վերջին շրջանում բավականին թեժ քննարկումների առիթ դարձավ առողջապահության նախարարության մշակած «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով մի շարք հասարակական վայրերում՝ թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում և այլուր, արգելվում է ծխելը,  իսկ կարգազանցները կտուգանվեն 250.000 դրամով:

    Օրենքի նախագծի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ  ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն արգելվում է փակ տարածքներում, հասարակական վայրերում, այդ թվում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, նախադպրոցական, հանրակրթական և այլ ուսումնական հաստատություններում, թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում, տրանսպորտում, տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում և այլ վայրերում (ավելի մանրամասն՝ այստեղ):

    Համաձայն 2005 թ. ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին»  գործող օրենքի 11-րդ հոդվածի՝ որոշ հասարակական վայրերում  ծխելը նույնպես արգելվում է: Հիմա էլ մարդիկ չեն կարող ծխել ուսումնական, արտադպրոցական, մանկական և այլ հաստատություններում, կինոթատրոններում, թատրոններում, մարզական տարածքներում, կրկեսում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում: Ծխելն արգելվում է նաև հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում և առողջապահական այլ կազմակերպություններում, քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները:

    Այնպես որ, որոշ վայրերում ծխելու արգելքն իրականում նոր բան չէ, պարզապես օրենքի այդ կետերը շատ հաճախ խախտվել են, իսկ խախտողներն էլ չեն պատժվել, և կարգազանցությունը քաղաքացիների գրպանի վրա այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել: Եվ ապա նոր օրինգծով` ընդարձակվել է նաև ծխելու համար արգելված վայրերի ցուցակը:

    Գլխավոր տարբերությունն այն է, որ եթե այսօր գործող օրենքի 12-րդ հոդվածի համաձայն ծխելու արգելքը խախտող իրավաբանական և ֆիզիկական անձ ենթարկվում է պատասխանատվության, որը, ըստ էության, այնքան էլ մեծ գումարներ չեն, ապա նոր օրինագծի ընդունվելու դեպքում նշվում են տուգանքի այնպիսի չափեր, որոնք մի քանի անգամ բարձր են Հայաստանում միջին աշխատավարձի չափից:

    Իսկ արգելված վայրերում ծխողներին պատասխանատվության ենթարկելն էլ կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Փաստաբան Էռնեստ Աբելյանը Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանված տուգանքներին, նշեց, որ օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով՝ հասարակական` օդային, ջրային, էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխելը, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտում ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի (նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը) հնգապատիկի չափով (մոտ 5000 դրամ):

    Իսկ նույն հոդվածի 2-րդ մասով էլ սահմանվում է, որ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար սահմանվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

    Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար տուգանքն էլ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով է:

    Ինչպես նշում է փաստաբանը, նշված կետերով քաղաքացիները՝ վարորդները, շատ հաճախ կարող են տուգանվել: Գործող օրենքի համաձայն՝ վերահսկողությունն իրականացնում են ՀՀ կառավարության լիազորված մարմինները։ Այս դեպքում տրանսպորտում ծխելու համար վերահսկողություն իրականացնում է ճանապարհային ոստիկանությունը և կարգը խախտելու համար տուգանում քաղաքացիներին:

    Ի տարբերություն նշված դեպքերի, երբ  մեքենայում ծխելու վերաբերյալ խախտումները բացահայտվում  են ճանապարհային ոստիկանության կողմից, Էռնեստ Աբելյանը նշում է, որ, օրինակ՝  ուսումնական, մշակութային և այլ նման վայրերում վերահսկողություն իրականացնելը դժվար է. «Ես պրակտիկորեն չեմ տեսել մի դեպք, որ, օրինակ՝ ուսումնական հաստատությունում ծխելու համար տուգանք նշանակվի: Լիազորված մարմնի աշխատակիցը գնալու է կրթական հաստատություն և սկսի ման գալ, թե ո՞վ է ծխում. չեմ տեսել պրակտիկայում նման բան»:

    Նշենք նաև, որ վերը նշված օրենքի նախագծին անդրադարձել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, նշելով, որ ծխելու համար առաջարկվող տուգանքներն անթույլատրելի բարձր են՝ հաշվի առնելով Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջարկել է, որ սահմանված տուգանքների շեմն իջեցնելուն զուգահեռ սահմանել նաև «նախազգուշացում» տույժի տեսակի կիրառման հնարավորությունը։

    Եվ իսկապես, օրենքներին հետևելը լավ է, դրանք խախտելու համար պատասխանատվության ենթարկելն էլ՝ ճիշտ, բայց արդար կլինի, որ ցանկացած օրենքով սահմանված տուգանքը չափի մեջ լինի, պատասխանատվության ենթարկելու չափն ու ձևն էլ՝ խելքին մոտ: Գուցե պետք է մտածել, քայլեր ձեռնարկել հասարակության վերաբերմունքը այս կամ այն հարցի վերաբերյալ փոխելու համար, և նույնիսկ չնչին խնդիրների դեպքում ցույց տալ, որ օրենքը գործում է ցանկացած դեպքում և յուրաքանչյուրի համար, այլ ոչ թե փորձել հարվածել քաղաքացու առանց այն էլ դատարկ գրպանին:

    ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

    scroll to top