Գլխավոր Իրավական Գուցե ԱԺ-ում ինձ էլ չընտրեն. ՍԴ դատավորի թեկնածու

Գուցե ԱԺ-ում ինձ էլ չընտրեն. ՍԴ դատավորի թեկնածու

5
0

Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թեկնածու է ներկայացրել իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանին:

Araratnews.am-ը զանգահարեց ՍԴ դատավորի թեկնածուին՝ նրա առաջադրման մասին խոսելու: Թեեւ Արթուր Վաղարշյանը պարբերաբար հորդորում էր հանդիպել ու հարցազրույց տալ, սակայն մի քանի հարցի պատասխան կարողացանք, այնուամենայնիվ, լսել:

Պարո՛ն Վաղարշյան, միանգամից որոշեցիք ՍԴ դատավորի թեկնածուի համար առաջադրվե՞լ, թե՞ համոզողներ եղել են: Հիշում եք՝ ԱԺ-ն ինչպես վերաբերվեց ՍԴ դատավորի նախկին թեկնածուին՝ Գոռ Հովհաննիսյանին՝ չընտրվեց: 

Ինձ չեն համոզել: Մրցույթի եմ մասնակցել:

Գոռ Հովհաննիսյանը՝ նախկին թեկնածուն, ասում էր՝ ինչո՛ւ է ուզում  ՍԴ դատավոր դառնալ: Դուք ինչ նպատակ ունեք, եթե դառնաք ՍԴ դատավորի թեկնածու: 

ԱԺ-ում կասեմ՝ կիմանաք:

Հիմա մանրամասնեք:

Վաղը զանգեք՝ կասեմ:

Կարծիք կա, որ ՍԴ դատավորի թեկնածու առաջ քաշելը ավելի շատ քաղաքական, քան իրավական խնդիր է: Քաղաքական քայլ Սարգսյանից ընդդեմ Փաշինյանի:

Ինչո՞ւ եք այդպես կարծում:

Ըստ  լուրերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Սարգսյանը քաղաքական տարաձայնություններ ունեն, որը նաև այսկերպ է դրսեւորվում: 

Իրավաբանները քաղաքական գործիչներ չեն, որ ենթադրություններ անեն: Սահմանադրական դատարանն էլ քաղաքական մարմին չէ, որի թեկնածուին պետք է քաղաքականացնել: Հեռու չեմ այն ակնկալիքից, որ կարող եմ արժանանալ Գոռ Հովհաննիսյանի ճակատագրին՝ կարող են ինձ չընտրել:

Այսինքն՝ համաձայն եք, որ սա նաև քաղաքական խնդիր է:

Դուք ենթադրում եք, իսկ ես ենթադրություններով չեմ ղեկավարվում: Եթե անգամ քաղաքական կուլիսային խաղեր կան, Սահմանադրական դատարանն այն մարմինը չէ, որ պետք է քաղաքականացնել:

2015-ին ասել եք՝ Հայաստանը կփրկի սահմանադրական միապետությունը, սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են: Հիմա ե՞ւս այդպես եք մտածում:

Ես ասել եմ՝ սահմանադրությունը նման է հագուստի՝ կարող ես անընդհատ փոխել: Բայց եթե պետության էությունը չփոխես, ապա դա որեւէ նշանակություն չի կարող ունենալ: Եթե  հեղափոխությունը չլիներ, Սահմանադրությունը հայ ժողովրդի ճակատագրում չէր կարող դեր խաղալ: Ինչ վերաբերում է սահմանադրական միապետությանը, ապա Եվրոպայի երկրների  մեծ մասում, բացի Գերմանիայից ու Ֆրանսիայից, սահմանադրական միապետություն է: Դրա  մեջ ռացիոնալ հատիկ կա՝ դա բխում է մեր ժողովրդի փոքրաթիվ լինելուց, բնակչության 1/3-րդի կենտրոնացվածությունից, բազմաթիվ խնդիրներ կան:

Այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգը ճիշտ չէ՞, պետք է սահմանադրական միապետություն լինի:

Միշտ ասել եմ՝ խորհրդարանական կառավարման համակարգն ավելի լավն է, քան նախագահականը: Խորհրդարանական կառավարման համակարգը բազմագործուն է, բազմակարծիքային է, հետևաբար, նախադրյալներ կան ճիշտն ու արդարն անելու:

Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում էլ, ինչպես ասել էիք, կուսակցություններին «պայթեցնել» հնարավոր չէ:

Ես ասել եմ՝ խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունները կկայանան, եւ շատ դժվար կլինի  կուսակցությունները քայքայել: Իսկ միանձնյա իշխանության դեպքում դա շատ հեշտ է:

ԱԺ-ում Գոռ Հովհաննիսյանին՝ ՍԴ դատավորի նախկին թեկնածուին, պատգամավորներից ոմանք հարցրին 2008 թվականի Մարտի մեկի պատասխանատուների մասին: Դուք ինչ եք մտածում՝ ի՞նչ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի մեկին, ո՞վ էր պատասխանատու:

Չեմ պատասխանում այդ հարցին:

Բայց ԱԺ-ում սպասելի է, որ այս հարցը կտան:

Ձեզ չեմ պատասխանում:

Իսկ ԱԺ-ում կպատասխանե՞ք:

Այո՛:

Սոնա Դավթյան