Երեքշաբթի , 20 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Գյուղացիները կստանան վարկ մինչեւ 5 տոկոս տոկոսադրույքով

    Գյուղացիները կստանան վարկ մինչեւ 5 տոկոս տոկոսադրույքով

    Սեպտեմբեր 14, 2017 13:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    vark

    ՀՀ  Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացրած` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:

    Առաքելյանն ասաց, որ ծրագիրը վաղուց կար,  սակայն այլ պայմաններով է գործում: «Վարկերը տրամադրվում են մինչև 8 տոկոս տոկոսադրույքով և մինչև 3 միլիոն: Ծրագրի փոփոխության հետ կապված մեր առաջարկն է՝ այն դարձնել ավելի արդիական և ուղղել գյուղացիական տնտեսությունների զարգացմանը: Այսպիսով, նախատեսվել է մինիմալ շեմը դարձնել 3 միլիոն, մաքսիմալը՝ 10 միլիոն, մինչև 5 տարի ժամկետով և տրամադրել 5-տոկոսանոց վարկեր, մնացածը սուբսիդավորվելու է պետբյուջեի կողմից»,- ասաց նա:

    Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տվյալ վարկերը կտրամադրվեն 3 միլիոնով, որպեսզի լրացուցիչ աջակցություն լինի: «Մենք ակնկալում ենք չորրորդ եռամսյակում մինչև 1600 շահառուի հետ պայմանագիր կնքել, պարտադիր շահառուները պետք է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամով ուսուցում անցնեն, պարտադիր մոնիթորինգ ենք իրականացնելու, որ հասցեական լինի ծրագիրը»,- ասաց նա:

    Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց, թե բանկերի հետ բանակցություններն ինչ փուլում  են, իսկ նախարարը նշեց, որ ընտրելու են, թե որ բանկը կտա նվազագույն շեմով տոկոսադրույք, որի հետ կսկսեն համագործակցել: «Ուզում եմ ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել գյուղատնտեսության ոլորտում ներկայումս իրականացվող քաղաքականությանը: Ուղղակի ֆիքսենք՝ ինչ ենք անում. գյուղտեխնիկայի տրամադրումը, վարկի տոկոսը սուբսիդավորում ենք, որ օգտատերը վճարի ընդամենը 2 տոկոս, կաթիլային համակարգ դնողը` 2 տոկոս,  ինտենսիվ այգի դնողը՝ 5 տոկոս»,- ասաց նա: Չնայած դրան վարչապետն ասաց, որ տնտեսական առումով կա վտանգ, քանի որ ինֆլյացիան 2 տոկոսից ավելի է:

    «Բանկիրները, ֆինանսիստները կասեն, որ մենք շուկան փչացնելու տենդենց կարող ենք ստեղծել: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությունը կարող է լինել ժամանակակից, շահութաբեր և լավ բիզնես: Մենք սրանով ուզում ենք զարկ տալ, որպեսզի այս ալիքը բարձրանա, հաջողակ օրինակներ առաջանան, հետագայում իրենք ինքնուրույն կարող են առաջ շարժվել»,- ասաց նա:

    Վարչապետը նշեց, որ կատարվող քայլերը, ուղղված շուկաները մեծացնելուն, ցույց են տալիս, որ ունենք մեծ ներուժ, և դրա համար հետևողական քայլեր են իրականացնում: «Մենք շատ լավ գնահատում ենք, որ դա մեզ համար բավականին ծանր բեռ է, բայց ինքը մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու, և մենք բազմաթիվ սոցիալական խնդիր ենք լուծելու գյուղի բնակիչների, գյուղատնտեսների համար»,- ասաց նա:

    Նման թեմաներ

    scroll to top