Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    23°
    Home » editorial » Գյուղապետի թեկնածուն մամայի թխած համով «պեռաշկիներն» է բաժանում գյուղաբնակներին (լուսանկարներ)

    Գյուղապետի թեկնածուն մամայի թխած համով «պեռաշկիներն» է բաժանում գյուղաբնակներին (լուսանկարներ)

    Փետրվար 14, 2018 12:38 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Մարտի 11-ին Հայաստանի մի շարք մարզերում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններ են նախատեսված Արարատի,  Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի  մարզերում, իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ: Ակնկալվում է, որ համայնքի ղեկավարի ընտրությունները բավականին թեժ են լինելու: Araratnews.am-ի  տեղեկություններով` թեժ ընտրություններ են սպասվում հատկապես Արարատի մարզի համայնքներում: Այստեղ հիմնականում իրար դեմ են մրցում ՀՀԿ-ականներն ու անկուսակցական թեկնածուները:

    Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու: Այս համայնքում առաջադրված երեք թեկնածուներից երկուսը Հանրապետական կուսակցության անդամներ են:  Անկուսակցական Արսեն Ղահրամանյանը պայքարում է ՀՀԿ-ականներ Արմեն Գեւորգյանի, ով համայնքապետարանի առաջատար մասնագետն է, եւ Արման Թադեւոսյանի դեմ:

    Առաջադրված թեկնածուները հայտարարում են, որ իրավիճակը համայնքում հանգիստ է: Նախընտրական քարոզարշավը դեռեւս պաշտոնապես չի մեկնարկել: Մեզ հասած տեղեկություններով` առաջադրված թեկնածուներից Արմեն Գեւորգյանը, ով գործող համայնքապետի տեղակալն է,  գյուղաբնակներին այս օրերին հյուրասիրություն է կազմակերպում՝ «պեռաշկու» տեսքով: Araratnews.am-ի տրամադրության տակ են հայտնվել նաեւ այդ  «հյուրասիրությունից» որոշ լուսանկարներ:

    27994720_10213126798736970_2043294928_n

    յկ

     

    իկ

    օլ

    Մարտի 11-ին տեղի ունենալիք ընտրությունների, համայնքում տիրող նախընտրական իրավիճակի վերաբերյալ Araratnews.am-ը զրուցել է առաջադրված թեկնածուների հետ: «Սաղ նորմալ ա, քարոզարշավը ամսի 21-ից սկսվելու է: Ես երկու թեկնածուներին էլ ճանաչում եմ, մեր մեջ լարվածություն չկա, ամեն մարդ իր գործն ա անում»,- մեզ հետ զրույցում գնահատելով նախընտրական իրավիճակն ասաց առաջադրված թեկնածուներից Արմեն Գեւորգյանը: Նրա խոսքով` առաջադրված թեկնածուները միեւնույն ժամանակ որոշակի աշխատանքներ են տանում իրենց բարեկամ-հարազատների շրջանում: «Մեկը մեր գյուղացի ա` Արսենը, ինքը մեր գյուղի տղա ա, իրա հետ էլ եմ լավ հարաբերությունների մեջ, մյուսն էլ՝ Արմանը՝ Մասիսից է, իրա հետ էլ բարեւ-բարլուս կա, մեր մեջ լարվածություն չկա»,- ասաց թեկնածուն, հավելելով, որ ընտրություն է, եւ ընտրությունների արդյունքները ցույց կտա` ում են ցանկանում համայնքի ղեկավարի պաշտոնում տեսնել գյուղաբնակները:

    Նկատենք, որ եւ Արմեն Գեւորգյանը, եւ Արման Թադեւոսյանը  ՀՀԿ անդամներ են: Գեւորգյանը պնդում է, որ ինքը Նժդեհյան գաղափարակիր է դարձել տարիներ առաջ, իսկ ահա Արման Թադեւոսյանը նոր է անդամակցել ՀՀԿ-ին:

    Հարցին, թե գյուղաբնակները հայտարարում են, որ նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն ձեր թիմակիցներն արդեն իսկ քարոզարշավ են իրականացնում, այդ թվում եւ` տարբեր «հյուրասիրություններ» կազմակերպում, Գեւորգյանին փոխանցեցինք, որ կան լուսանկարներ, որոնք փաստում են, թե ինչպես է իր եղբայրը նորամարգցիներին «պեռաշկի» բաժանում, ասաց. «Պեռաշկին իմ մերս ա  թխել, մերս միշտ էլ անում է, տենց համով բաներ ա թխում, ընկերներով-մոտիկներով հավաքվել-կերել ենք: Սաղ գյուղը մորս էլ ա ճանաչում, կերել ենք: Դու կարաք ճշտումներ անեք, բան չունեմ ասելու, իմ մերս միշտ էլ թխում ա: Խոսքի` տղեքն ասում են` Արմեն, մամայիդ ասա` մի բան թխի, ուտենք, մերս համով բաներ շատ ա թխում»,- կարկանդակներ թխելու եւ գյուղաբնակներին այս շրջանում բաժանելու գործընթացը այսպես ներկայացրեց Արմեն Գեւորգյանը:

    Զրուցեցինք առաջադրված թեկնածուներից Արման Թադեւոսյանի հետ եւս: Վերջինս համայնքի դպրոցի մանկավարժներից է: Թադեւոսյանը նույնպես ՀՀԿ անդամ է: Առաջադրված թեկնածուն նախընտրական գործընթացը որակում է նորմալ եւ գտնում է, որ լարվածություն չկա: Նշենք, որ մամուլի որոշ հրապարակումների համաձայն` Արման Թադեւոսյանն էլ այս օրերին աշխատանքներ է իրականացնում դպրոցի կոլեկտիվի եւ աշակերտների ծնողների շրջանում, որպեսզի իրեն ընտրեն: Թադեւոսյանն  ի պատասխան ասաց, թե շուրջ 15 օր է` պաշտոնապես գտնվում է արձակուրդում եւ այդ ընթացքում աշխատանքի  չի գնացել: «Մինչ այդ դեպք էր եղել, չէի գնում աշխատանքի, հիմա էլ արձակուրդի մեջ եմ եւ չեմ գնում»,- ասաց թեկնածուն:

    Արման Թադեւոսյանի խոսքով` ՀՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարել, թե առաջադրված թեկնածուներից ո՛ւմ է սատարելու: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ որոշողը լինելու են գյուղաբնակները, ովքեր կկատարեն իրենց ընտրությունը:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top