Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » «Գյումրի-Գարեջուր» գործարանը փակելու մասին խոսելն ավելորդ է. Սամվել Բալասանյան

    «Գյումրի-Գարեջուր» գործարանը փակելու մասին խոսելն ավելորդ է. Սամվել Բալասանյան

    «Գյումրի-Գարեջուր» գործարանը փակելու մասին խոսելն ավելորդ է. Սամվել Բալասանյան
    Հունիս 27, 2018 11:46 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հարկեր ու տուրքեր հավաքելը պետք է սկզբունք լինի: Այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Անդրադառնալով օրերս պետական եկամուտների կոմիտեի ուսումնասիրությունների արդյունքերին՝ քաղաքապետը վստահեցրեց, որ եթե խախտումներ կան, կպարզաբանվեն:

    «Եթե խախտումներ կան, ամեն ինչ կպարզաբանվի: Հետաքննություն է ընթանում, կարևորն այն է, որ բացահայտվի իրականությունը»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հաստատելով, որ ստուգումների նախապատմությունը սկսվում է 2016 թվականից՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Նշենք, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերության նախագահը Գյումրու քաղաքապետի ավագ որդի Միսակ Բալասանյանն է:

    «Միգուցե կան ինչ-որ սխալ ձևակերպումներ կամ այլ բաներ, բայց պարզ է՝ կա օրենք, և բոլորս պետք է ենթարկվենք ու մուծենք»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ «Գյումրի-Գարեջուր»-ը լուրջ հարկատու է՝ Շիրակի մարզի առաջին հարկատուն, որը տարեկան մոտ 1.8-2 մլրդ գումար է հարկ վճարում:

    «Սա սովորական ստուգում է, և այս պարագայում խոսել գործարանը փակելու մասին ավելորդ է՝ հատկապես լինելով մարզի միակ նմանատիպ գործարանը: Եթե պատժելու մարդ կա՝ պետք է պատժվի, եթե հարկեր կան, որ պետք է մուծվեն, պետք է մուծենք»:

    Ուսումնասիրությունների արդյունքում պարզ էր դարձել, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամը` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ: Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ: Բացի այդ, ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից:

    ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ:

    Նման թեմաներ

    scroll to top