Գլխավոր Լուրեր Գյումրիում, Անիում և Արթիկում տեսաձայնագրող սարքեր են տեղադրվել

Գյումրիում, Անիում և Արթիկում տեսաձայնագրող սարքեր են տեղադրվել

4
0

Ինչպես արդեն տեղեկացվել է, այս տարվա փետրվարի վերջին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել է հանրապետության տարածքում բնակարանային գողությունների դեպքերի աճի և այս հանցագործության բացահայտման արդյունավետության նվազման անհանգստացնող միտումների, դրանց պատճառների խնդիրը:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության տարածքային ստորաբաժանումներին տրվել էին այս հանցատեսակի կանխարգելմանը, ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ այս համատեքստում ամենասերտ գործակցությունը ծավալելուն և նման հանցագործության դեպքերով քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարություններ:
Ի կատարումն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությունների՝ դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից այս ընթացքում նախաձեռնվում են լոկալ խորհրդակցություններ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, նախաքննական մարմինների, քաղաքային և գյուղական ՏԻՄ-երի ղեկավարների ներգրավմամբ:

Դրանց ընթացքում, ըստ դատախազության նախաձեռնությամբ իրականացվող բնակարանային գողությունների համար առավել խոցելի, ռիսկային գոտիների քարտեզագրման, որոշվում են դրված խնդիրը համատեղ ուժերով լուծելուն միտված գործողությունների պլանները, նախանշվում ակնկալվող միջնաժամկետ արդյունքները: Այդ աշխատանքները ներառում են համապատասխան գույքագրում և անհրաժեշտ ռեսուրսների հաշվարկում իրականացնելուց հետո քայլ առ քայլ բազմաբնակարան շենքերում էլեկտրոնային փականներով դռներ տեղադրելը, շենքերի, առանձնատների հարակից տարածքները լուսավորությամբ ապահովելը, բազմաբնակարան շենքերի մուտքերում, ինչպես նաև բնակավայրերի ճանապարհների ելքային և մուտքային հատվածներում, հանգուցային կետերում տեսանկարահանող սարքեր տեղակայելը:

Բացի դրանից, խնդիր է դրվում ուժեղացնել պարեկային ծառայությունների աշխատանքը հաճախակի բնակարանային գողերի թիրախ դարձող շրջաններում, արձանագրված դեպքերով քննությունների շրջանակներում իրականացնել օպերատիվ-հետախուզական, անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու, հանցագործների, նրանց հետ գործակցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հանցագործության կանխարգելման գործընթացն արդեն սկսում է գործնական դրսևորումներ ունենալ: Մասնավորապես, ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ՀՀ Շիրակի մարզպետարանում այս ամսվա սկզբին կազմակերպված խորհրդակցությունից հետո ոստիկանության Շիրակի մարզային վարչության, համապատասխան համայնքապետարանների համագործակցության արդյունքում Արթիկ և Անի համայնքների տարածքում տեղադրվել են երկուական, իսկ Գյումրիի կենտրոնական հրապարակում՝ հինգ տեսախցիկներ:

Նման տեխնիկական սարքեր արդեն տեղադրվել են նաև Լոռու մարզի բնակավայրերում՝ Լոռու մարզի դատախազության ավելի վաղ նախաձեռնության արդյունքում: Նմանատիպ միջոցառումներ իրականացվելու են նաև հանրապետության այլ բնակավայրերում, որոնց արդյունքների մասին հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
Բնակարանային գողությունների դեմ պայքարի խնդիրը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուշադրության կենտրոնում: Նրան պարբերաբար զեկուցվում է իրականացված աշխատանքների մասին: