Գլխավոր Լուրեր Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյան ձերբակալվելուց մեկ օր անց ազատ է արձակվել

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյան ձերբակալվելուց մեկ օր անց ազատ է արձակվել

2
0

Երեկ՝ հունիսի 1-ին, արգելանքից ազատ է արձակվել նախօրեին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ձերբակալված Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեց Մանուկ Առաքելյանի փաստաբան Էդգար Թումասյանը։

Նա նշեց, որ ձերբակալման հիմքը երեկ բողոքարկել է դատարանում, դատարանը բավարարել է բողոքը՝ ձերբակալումը համարելով ոչ իրավաչափ, եւ Մանուկ Առաքելյանը նույն օրը ազատ է արձակվել։

Փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը աշխատանքից ազատվելու դիմում է գրել Գյումրու քաղաքապետին, քանի որ կոռուպցիոն բնույթի գործերով դատախազությունը սովորաբար համարում է, որ անձը ի պաշտոն կարող է նոր հանցագործություններ կատարել, եւ նպատակահարմար է, որ գտնվի կալանքի տակ։

Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետարանի՝ ձերբակալված մյուս աշխատակիցը՝ Սլավիկ Ղազարյանը, որը անշարժ գույքի կառավարման բաժնի առաջատար մասնագետ է, փաստաբան Էդգար Թումասյանի տեղեկություններով, ազատ չի արձակվել։