Կիրակի , 20 Մայիս 2018

    outputra5huxgif
    Cloudy
    17°
    Home » Լուրեր » Հ1-ի Հայաստանը, «լավ» երեկոն ու քրեակատարողականի լռությունը

    Հ1-ի Հայաստանը, «լավ» երեկոն ու քրեակատարողականի լռությունը

    Հ1-ի Հայաստանը,  «լավ» երեկոն ու քրեակատարողականի լռությունը
    Մարտ 13, 2018 16:16 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Հայ հասարակությունը շարունակում է ակտիվորեն քննարկել Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդումը: Քննարկման առանցքում հաղորդման ընթացքում լրագրող ներկայացած Արուս Տիգրանյանի ռեպորտաժն է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից (կանանց գաղութ): Երիտասարդ լրագրողուհուն ԱՆ քրեակատարողական վարչությունը թույլատրել է մտնել հիմնարկ եւ «հարցազրույցներ» անել, այն պարագայում, երբ բազմաթիվ իրավապաշտպաններ, հետաքննող լրագրողներ մշտապես բարձրաձայնում են այն մասին, որ մեկ անգամ չէ, որ դիմել են քրեակատարողական վարչության ղեկավարություն` կալանավայրերում նկարահանումներ անելու խնդրանքով: Գործընկերներս կփաստեն, որ դիմումները մեծ մասամբ բացասական պատասխան են ստանում:

    Կյանքը ճաղերից այն կողմ բոլորովին այլ է: Կալանավայրերում գտնվող անձինք, անկախ այն  հանգամանքից, թե ինչպես եւ ինչ հանցագործության համար են հայտնվել այնտեղ, պաշտպանության կարիք ունեն: Կանայք` առավել եւս: Հ1-ի ղեկավարությունը, «Լավ երեկոյի» խմբագրակազմն ու հատկապես ռեպորտաժը պատրաստած աղջնակը դժվար թե այդ ամենը գիտակցեին: Նրանք ապրում են Հ1-ի Հայաստանում, որտեղ ամեն ինչ գունավոր եւ լավ է, գրեթե նույնքան, որքան այդ հաղորդման անունն է «Լավ երեկո»:

    Քրեակատարողական վարչությունը միանշանակ տեղյակ է եղել, թե ինչ բովանդակությամբ տեսանյութ է պատրաստվելու: Խնդիրն այն է, թե արդյոք հարցազրույց տվող կանայք տեղյակ եղե՞լ են, որ իրենց խոսքերը մոնտաժվելու են, զուգորդվելու են անբնական քրքիջներով: Սրանք հարցեր են, որոնց պատասխանն առայժմ չկա:

    Լրագրողական գործունեության ընթացքում հնարավորություն ունեցել եմ լինել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այցի նպատակը տեսաֆիլմի պատրաստումն էր, որն իրականացվել է ՄԻՊ-ի հետ համատեղ: Պատրաստվող տեսանյութի բովանդակության մասին ի սկզբանե քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը տեղյակ է եղել: Հետեւաբար, դժվար թե այս անգամ բացառություն լիներ, եւ նրանք չիմանային, որ երիտասարդ լրագրողուհուն հարկատուների գրպանից ֆինանսավորվող հեռուստաընկերությունն ուղարկել է պարզապես «ղժժալու»  ազատազրկված կանանց  վրա:

    Տեղի ունեցածի առնչությամբ Araratnews.am-ը  փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանից: Վերջինս նշեց, որ նույնաբովանդակ հարցումներ այլ ԶԼՄ-ներից էլ են ստացել: Կպատասխանեն օրվա երկրորդ կեսին: Հետո արդեն Ղլեչյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

    Կապ հաստատեցինք նաեւ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Հիմնարկի պետ Արտակ Հարությունյանը, տեղեկանալով, որ լրագրող  է զանգահարել, գործավարուհու միջոցով փոխանցեց, որ պետք է զանգահարենք լրատվական բաժին:

    Հանրային հեռուստաընկերությունից եւս պաշտոնապես չեն մեկնաբանել ռեպորտաժը:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top