Համայնքի ղեկավարների հետ հանդիպման միակ նպատակը սուբվենցիաների խնդիրն է: Ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ կառավարության հիմնական խնդիրն է սուբվենցիաներին 10 մլրդ հատկացնելը: «Ցավոք սրտի, նախորդ տարի ՏԻՄ-ն անհրաժեշտ ծրագրերը չի իրականացրել»,- ընդգծեց վարչապետը:
«Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացումը առաջիկա տարիների ընթացքում հանդիսանում է ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկը»,-վարչապետի ելույթից հետո հանդես եկավ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարն ամփոփեց նախորդ տարվա սուբվենցիայի ծրագրով իրականացված աշխատանքները՝ համաձայն որոնց «հանրապետության 97 համայնքներից ստացված 152 սուբվենցիայի ծրագրերին պետական բյուջեից տրամադրվել է 1 մլրդ 620մլն դրամ»։
Պապիկյանը, կրկնելով վարչապետի խոսքը, պնդեց, որ բոլոր ծրագրերը չեն կարողացել իրականացվել, բայց այս տարի ևս կառավարությունը պատրաստ է տրամադրել համաֆինանսավորում։
«Որի արդյունքում մեր համայնքներում կարող են կատարվել առնվազն 20 մլրդ դրամի աշխատանքներ»,- ասաց Պապիկյանը՝ նշելով, որ ծրագրերն իրականացնելու համար հարկավոր է կամք դրսևորել։
Նախարարը նշեց, որ համայքների հիմնախնդիրները սոցիալ-տնտեսական խնդիրները, զարգացման խոչընդոտները նվազեցնելու համար համակարգային փոփոխություններ ենթադրող ռազմավարական ծրագրեր են հարկավոր իրականացնել։
«Այս տարի մենք մեր առաջ խնդիր ենք դրել հնարավորություն ընձեռել համայնքներին համայնք-պետություն համագործակցության արդյունքում ապահովել մեր սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը»,- ընդգծեց Պապիկյանը։