Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Մհեր Սահակյան

    Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Մհեր Սահակյան

    Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Մհեր Սահակյան
    Դեկտեմբեր 1, 2018 14:51 Լուրեր, Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ, Քաղաքական A+ / A-

    Հարցազրույց ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակով թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Մհեր Սահակյանի հետ:

    Երևան Տոնավաճառ

    Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես դրել էիք Ձեր թեկնածությունը նույն ընտրատարածքում, որտեղ շատ օլիգարխներ էին առաջադրվել, նաև ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից կային թեկնածուներ, բայց Դուք մոտավորապես 1000 ձայն ստացաք, որը կուսակցությունը հաջողություն համարեց: Ի՞նչ ծրագրեր ունեք այս անգամ և ինչո՞վ եք զբաղվելու խորհրդարանում:

    Նախ ուզում եմ ասել, որ անցած անգամ իրավիճակն այլ էր, հիմա այլ է, բայց մեր գաղափարներն ու դիրքորոշումը նույնն են, այսինքն՝ լինելով ՀՅԴ-ի կողմից ներկայացված, ես փորձելու եմ իրականացնել կուսակցության կողմից առաջադրված գաղափարները, որոնց կողմ եմ և ընդունում եմ՝ որպես դաշնակցական: Մենք ունենք առաջադրված հստակ կետեր՝ ինչին ենք կողմ, ինչին՝ դեմ: Կողմ ենք զիջումները բացառող, զարգացող և անվտանգ Հայաստանին ու Արցախին, կողմ ենք ազգային արժեհամակարգի ամրապնդմանը և համահայկական կառույցների արժևորմանը, կողմ ենք սոցիալական արդարությանը, կողմ ենք անվճար և որակյալ կրթությանն ու առողջապահությանը, կողմ ենք Հայաստանի կյանքում սփյուռքի կազմակերպված ներկայությանը:

    Կան նաև կետեր, որոնց դեմ ենք, և որոնց համար պատրաստ ենք պայքարելու մինչև վերջ, անկախ ամեն ինչից: Դա Արցախի հարցում զիջողական քաղաքականությունն է, դեմ ենք պետության օտարմանը տնտեսությունից, հարուստներին հարստացնող և աղքատներին աղքատացնող քաղաքականությանն ենք դեմ ու մի շարք ոչ պակաս այլ կետերի:

    Ազգային ժողովում ո՞ր հանձնաժողովում եք Ձեր աշխատանքները պատկերացնում:

    Ամենայն հավանականությամբ, պետաիրավական հանձնաժողովում:

    Ըստ Ձեզ՝ ՀՅԴ-ն այսօրվա իր հեղինակությամբ, ելնելով մարդկանց տրամադրվածությունից, ունի՞ հնարավորություն լինելու խորհրդարանում:

    Իմ խորին համոզմամբ՝ ՀՅԴ-ի գոյությունը փոխկապակցված չէ Ազգային ժողովում ներկայացված լինելուց: Ես համոզված եմ, որ մենք ունենք ասելու և աշխատելու տեղ մեր պետությունում, և ոչ մի այլ կուսակցություն չունի ավելի շատ հնարավորություններ և իրավունք մասնակցելու Հայաստանի Հանրապետության ապագայի կերտման գործում, քան ՀՅԴ-ն:

    Իսկ Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

    Լավ փորձենք ներկայացնել մեր բնակիչներին մեր ցանկությունները, մեր գաղափարները: Գնահատողը ժողովուրդն է:

    Նոր խորհրդարանն ինչո՞վ է տարբերվելու նախորդից:

    Ինձ թվում է՝ հիմա մոնոպոլիա կա քաղաքականությունում, և չեմ ուզում վատ բան ասել, բայց հնարավոր է՝ մի քիչ ավելի անխոս Ազգային ժողով ունենանք, քան ունեցել ենք մինչ այդ:

    Ի՞նչ մաղթանք ունեք ընտրողներին:

    Քաղաքացիներին կուզեի ասել, որպեսզի բոլորը հասկանան այս պահի կարևորությունը, և չկրկնվեն այն սխալները, որոնք նախկինում եղել են, որպեսզի  հասկանան, որ մեկ քաղաքական ուժը, ինչքան էլ նրա առաջնորդը վայելի ժողովրդի հարգանքն ու հեղինակությունը, չի կարող կազմակերպել արդար երկրի զարգացումը: Նա ինչքան էլ լավը լինի, ինչքան էլ հարգանք ունենա, ինչքան էլ նպատակները բարի լինեն, միևնույն է՝ սուբյեկտիվ են լինելու իր որոշումները, չի ներկայացնելու ամբողջ հայ ժողովրդի ցանկությունները, սպասումները չեն արդարանալու: Ես կուզեմ, որ դեկտեմբերի 9-ին բոլորը գնան ընտրությունների, գիտակցված ընտրություն կատարեն և թույլ չտան, որ որևէ քաղաքական ուժ ամբողջությամբ տնօրինի Ազգային ժողովը:


    Նման թեմաներ

    scroll to top