Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Վահե Հովհաննիսյան

    Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Վահե Հովհաննիսյան

    Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Վահե Հովհաննիսյան
    Դեկտեմբեր 3, 2018 15:33 Լուրեր, Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ, Քաղաքական A+ / A-

    AraratNews.am-ի զրուցակիցն է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու, «Առաքելություն» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանը:

    Երևան Տոնավաճառ

    Պարո՛ն Հովհաննիսյան, առաջիկա ընտրություններին հայտ եք ներկայացրել` լինելու խորհրդարանում։ Ումի՞ց եք ստացել առաջարկ և ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Կոտայքի մարզում մրցակցությունը շատ մեծ է։

    «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես են գալիս «Իմ քայլը» դաշինքով: Ես 2013 թ. «Առաքելություն» կուսակցության հիմնադիր, քաղխորհրդի անդամ եմ, և իմ մասնակցությունն այս ընտրություններին կուսակցության քաղաքական որոշում է:

    Մրցակցությունը Կոտայքի մարզում զուտ թեկնածուների ընդհանուր քանակի առումով է մեծ. կոտայքցին դեռ ապրիլին է իր հստակ պահանջն արտահայտել` կանգնելով հեղափոխական ուժերի կողքին և այժմ էլ տեր է կանգնելու իր հաղթանակին:

    Քաղաքացիները տեսել են մեր աշխատանքը` թե՛ մինչև ապրիլ, թե՛ դրանից հետո: Հնարավորություններս բարձր եմ գնահատում` իմ անցած ճանապարհի նկատմամբ բնակչության դրական վերաբերմունքը հաշվի առնելով:

    Փաշինյանի ընդդիմախոսները նշում են, որ նրա թիմը հիմնականում կազմված է անփորձ երիտասարդներից։ Դուք ինչո՞վ եք զբաղվել մինչ հեղափոխությունը, և կիսո՞ւմ եք այդ տեսակետը, թե՞ ոչ։

    Անփորձության մասին խոսելը պարոն Փաշինյանի և նրա թիմի վարկանիշը գցելու պրիմիտիվ հնարք եմ համարում: «Իմ քայլը» դաշինքում ընդգրկված են լուրջ մասնագետներ` տարբեր ոլորտներից, որոնց աշխատանքն առաջիկայում կտեսնենք:

    Քաղաքական պայքարն սկսել եմ դեռևս ուսանողական տարիներին. 2003-2004 թվականներից արդար ընտրություններ պահանջողների առաջին շարքերում եմ եղել, իսկ 2008 թ. համաժողովրդական շարժման ճնշումից հետո պայքարը շարունակել եմ քաղաքական գործընթացներում առավել ակտիվ մասնակցությամբ՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» սահմանադրական դրույթի իրականացման ուղղությամբ ներդնելով բոլոր ջանքերը: Ինչպես նշեցի, «Առաքելություն» կուսակցության հիմնադիր, քաղխորհրդի անդամ եմ։ Կուսակցությունը մասնակցել է  ՏԻՄ ընտրություններին, որտեղ ներկայացրած հստակ ծրագրերն ու սեփական տեսլականը վստահություն են ներշնչել ՀՀ քաղաքացիներին: 2017 թ․ հոկտեմբերին ընտրվել եմ Արգել համայնքի ավագանու անդամ:

    Աշխատել եմ Աբովյանի պետական ճարտարագիտական քոլեջում՝ որպես պատմության դասախոս, ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՍՊԸ-ում` որպես վարկային մասնագետ, «ՎՏԲ Հայաստան» բանկում` որպես ՓՄՁ վարկավորման գծով մենեջեր։ Իսկ 2017 թ.-ից մինչ օրս աշխատում եմ ՄՈԳՈ ՈՒՎԿ ՍՊԸ-ում՝ որպես մասնաճյուղի կառավարիչ։

    Ըստ Ձեզ՝ գալիք խորհրդարանն ինչո՞վ է տարբերվելու նախորդից և ի՞նչ արդյունավետություն կունենա:

    Նոր խորհրդարանն օրենքները գրելու և փոփոխելու է հօգուտ ՀՀ քաղաքացիների: Այստեղ յուրաքանչյուր պատգամավոր պատասխանատու և հաշվետու է լինելու իր ընտրողների, ՀՀ բոլոր քաղաքացիների առաջ: Սրանք հիմնական տարբերություններն են լինելու հին ու նոր խորհրդարանների միջև: Դեկտեմբերի 9-ից հետո ձևավորվող խորհրդարանը պե՛տք է արդյունավետ լինի. ՀՀ վերափոխված քաղաքացին այլևս չի հանդուրժի սխալ, թերի և անարդյունավետ աշխատանք:

    Ի՞նչ եք կարծումքաղաքական որ ուժերը կլինեն գալիք Ազգային ժողովում:

    Ընթանում է նախընտրական քարոզարշավ, և առայժմ դժվար է ասել, թե ինչպիսի՛ն կլինի նոր խորհրդարանի կազմը: Պարզ է մեկ բան. նորընտիր ԱԺ-ում լինելու են ժողովրդի կամքն ու պահանջները արտացոլող, նրա վստահությունն առավելագույնս վայելող ուժերը:

    Ի՞նչ ուղերձ ունեք, որ ցանկանում եք հղել ընտրողներին: Խնդրեմ՝ կարող եք ասել այն, ինչ ցանկանում եք:

    Այս ընտրությունները բացառիկ են թե՛ իրենց նշանակությամբ և թե՛ ժողովրդի` ազատ կամարտահայտման մեծ հնարավորության առումով, ուստի ուղերձս ՀՀ քաղաքացիներին ու հատկապես Կոտայքի մարզի իմ ընտրողներին հետևյալն է. դեկտեմբերի 9-ին անպայման գնալ ընտրատեղամաս, տեր կանգնել սեփական քվեին` դրանով հիմք դնելով հզոր պետության, երջանիկ անհատի ու հոգատար հանրության կայացման գործին:

    Մտածե՞լ եք այն մասին, որ պատգամավոր լինելով հաճախ դառնալու եք քննադատության թիրախ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լինելու եք իշխանական խմբակցության պատգամավոր, պահանջները հասարակությունից շատ են լինելու:

    Անշուշտ, բնական եմ համարում թե՛ քննադատությունը, թե՛ սպասելիքների մեծածավալ լինելը: Առողջ քննադատությունը պարտավորեցնող է և երբեմն կարող է օգտակար լինել: Իսկ հասարակության պահանջների ու սպասելիքների իրականացման հարցում լուրջ քննադատության առիթ, կարծում եմ, չենք տա: Շնորհակալություն:

    Հարություն Մկրտչյան


    Նման թեմաներ

    scroll to top